Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
30-11-2021 19:01:20 | Հայաստան | Մշակույթ
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Ջազի հայկական ասոցիացիան «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրան համերգասրահում կներկայացնի համերգ՝ նվիրված մեծանուն երգահան,կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։ Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։
Նշենք, որ համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։