Այսօր Մոսկվայում նախատեսված է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում


Այսօր Մոսկվայում նախատեսված է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում

  • 01-12-2021 15:25:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 CIVILNET .Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը գործուղվել է Մոսկվա՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։
 
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
 
Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարարի,  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, էկոնոմիկայի նախարարի և պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալները, ինչպես նաև պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության մեկական ներկայացուցիչ։
 
ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ դեկտեմբերի 1-ին։
 
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի էին ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցություններ։
 
Հանդիպման ավարտին հետևած հայտարարության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «տրանսպորտային միջանցքների» վերաբերյալ պայմանավորվածությունն է ձեռք բերվել․ «Հաջորդ շաբաթ փոխվարչապետները Մոսկվայում որոշ արդյունքներ կամփոփեն և կհայտարարեն կայացված որոշումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք»,- ասել էր Պուտինը։
 
Եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը