Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայքում արդեն ներկայացված է ԱՄՆ դրոշի ներքո
01-12-2021 19:10:58 | Հայաստան | Սպորտ
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանն աղյուսակում 6-րդն է (2772): Ի դեպ, նշենք, որ ՖԻԴԵ-ի կայքում Արոնյանի տվյալներն արդեն փոխվել են. նա ներկայացնում է ԱՄՆ շախմատային ֆեդերացիան, գրում է Panorama.am-ը:
ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների աղյուսակում Հայաստանից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է (2681), Հրանտ Մելքումյանը՝ 99-րդը (2649)։ Ամերիկահայ Սամուել Սևյանը 49-րդն է (2684)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել էր. «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: ...
Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»: