Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները. փոխնախարար

Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները. փոխնախարար

  • 03-12-2021 16:35:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 2–ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» («What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership») խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարությունից: 
 
«Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին։ Վերջինս մատնանշեց ընթացիկ տարվա ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավական համագործակցության համատեքստում։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերը: Միևնույն ժամանակ, Պարույր Հովհաննիսյանը կոչ արեց Եվրոպական միությանն ավելի հասցեական լինել իրենց հորդորներում և դատապարտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներն ԱլԳ որոշ գործընկեր պետությունների կողմից։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նման ձևաչափով համագործակցությունն առավել ակտիվացնել»,- ասված է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն