«Արարատից Սիոն» ֆիլմը ներկայացնում է Ավետյաց երկրի մինչ<br /> այժմ անհայտ` հայկական պատմությունը<br />


«Արարատից Սիոն» ֆիլմը ներկայացնում է Ավետյաց երկրի մինչ
այժմ անհայտ` հայկական պատմությունը

  • 05-05-2010 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կյանքի կոչել իր առաքելությունը` հովանավորելով հայ ժողովրդի պատմությունը աշխարհին ներկայացնող մշակութային նախագծերը: Որպես «Արարատից Սիոն» ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավոր, ընկերությունը հատկացրեց 10 միլիոն դրամ: Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Բանախոսեցին ֆիլմի կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քհն Արամյանը, գլխավոր օպերատոր Ռուբեն Գասպարյանը, ինչպես նաեւ` ֆիլմի հովանավորներից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Flagship Ventures» ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) եւ «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ֆիլմի պատմության հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է կյանքին սպառնալիքներով լեցուն ճանապարհներով եւ իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: Այս մեծագույն հոգեւոր սխրանքի եւ զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են եւ քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են: «Ամենուր, որտեղ հայ է եղել, ոսկե հետք է մնացել` շնորհիվ նրա աշխատանքի եւ մեծ ձեռբերումների»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Պատմական կարեւորագույն երկու` արարման եւ փրկության սարերի միջեւ հայերի անցած ուղու, մեծագույն հոգեւոր սխրանքի եւ զոհաբերության մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանող խմբի անդամներն ուխտավորների աչքով են տեսել Սուրբ Գերեզման տանող ողջ ճանապարհը: Վավերագրական ֆիլմը պատկերում է ուխտի ոգին, որը դարերի ընթացքում կերտեց եւ պահպանեց Սուրբ երկրի սրբատեղիներն ու վանքերը: Մեծ զոհողությունների եւ տառապանքների գնով ուխտավորները գալիս էին Սուրբ Երկիր` Աստծո երկրային ներկայությունը զգալու նպատակով: Կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ, եւ մեր ինքնության կարեւորագույն վկայություններ ու նշխարներ ցուցադրվում են առաջին անգամ: «Այս ֆիլմը յուրօրինակ ուղերձ է համայն մարդկությանը: Աշխարհի ազգերը պետք է իմանան, որ դարեր շարունակ քրիստոնեությունը հայի համար ոչ միայն դավանանք էր, այլեւ աշխարհայացք, ազգային գոյության հիմք: Հայությունն իր գոյության ողջ ընթացքում ապացուցել է իր անմնացորդ նվիրվածությունը քրիստոնեական արժեքներին` չնայած բռնի հավատափոխության փորձերին, ցեղասպանությանը, պետականազրկմանը եւ ձուլման պարտադրանքին: Ֆիլմը նաեւ ուղերձ է մեզ` ժամանակակիցներս. մենք պարտավոր ենք լինել մեր նախնիների արժանի հետնորդներ ու հավատարիմ մնալ մեր դավանանքին` մեր ինքնությանը»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը: Ֆիլմի նկարահանման նպատակով ստեղծագործական խումբը երեք անգամ այցելել է Իսրայել եւ մեկական անգամ` Եգիպտոս եւ Թուրքիա: Ֆիլմի բնօրինակը անգլերենով է, ֆիլմի տեքստը կարդում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է ժամանակակից համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժիշտներից մեկի` Լիզա Ջերարդի, ձայնը: «Արարատից Սիոն» ֆիլմը պատկանելության եւ արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքր ազգի բարդույթից եւ սեփական պատմության տերը դառնալու: Ֆիլմը մտել է միջազգային ութ կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ: Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում: Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ ամերիկյան, եվրոպական եւ ռուսական խոշորագույն հեռուստաալիքներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play