Մանրէների Օգնությամբ Բարձր Ալկալային Թափոնները Մոտ Ապագայում Կարող Են Պարարտ Հող Դառնալ
08-12-2021 13:19:24 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ita.am. Միլիարդավոր տոննաների կարմիր ցեխը, որն առաջանում է որպես բոքսիտի հանքաքարերից ալյումինի օքսիդի վերամշակման կողմնակի արտադրանք, կարող է մի օր դառնալ պարարտ հող՝ շնորհիվ մանրէների վրա հիմնված վերականգնողական համակարգի, որը մշակվել է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի Կայուն հանքանյութերի ինստիտուտի (UQ SMI) հետազոտողների կողմից:
Ներկայումս Ավստրալիան ալյումինի օքսիդի երկրորդ խոշոր արտադրողն է։ Բոքսիտի չմշակված հանքաքարից ստացված ալյումինի օքսիդի յուրաքանչյուր տոննայի դիմաց վերամշակող գործարաններն առաջացնում են մինչև երկու տոննա կարմիր ցեխ։ Կարմիր ցեխի վերականգնումը լուրջ խնդիր է դարձել ամբողջ աշխարհում, որին դեռևս արդյունավետ լուծում չի գտնվել: Համաշխարհային մասշտաբով պոչամբարներում կա մոտ հինգ միլիարդ տոննա կարմիր ցեխ, և այս ցուցանիշն ամեն տարի ավելանում է 125 միլիոն տոննայով կամ ավելի: Նման կարմիր ցեխի նստվածքները պարունակում են մեծ քանակությամբ կաուստիկ սոդա և ալկալային հանքանյութեր, որոնք մեծ դժվարությամբ են լուծվում կամ լվացվում հողից, ինչն էլ հանգեցնում է չափազանց ալկալային և աղային միջավայրի առաջացմանը, որը երկարատև ժամանակ գրեթե անհաղթահարելի է մնում հողի սովորական միկրոօրգանիզմների և բույսերի համար:
Լոնգբին Հուանգը (UQ SMI) մշակել է կարմիր ցեխի պոչամբարների բարձր ալկալային նյութերը քայքայելու մեթոդ՝ օգտագործելով էքստրեմոֆիլ մանրէներին: Մեթոդի հիմքում «կենսաբանական զտման» (bioweathering) մոտեցումն է։ Ալկալային նյութերը քայքայելու համար Հուանգը դիմեց կարմիր ցեխի մեջ հայտնաբերված կյանքի միակ ձևերից մեկին՝ բնական էքստրեմոֆիլ մանրէներին, որոնք զարգանում են բարձր ալկալային միջավայրում։ Երկրաքիմիական կայունացման հետագա գործընթացը հանգեցնում է հողի ավելի արագ զարգացմանը այնպիսի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկություններով, որոնք հարմար են բույսերի աճը շատ մեծ տարածքներում պահպանելու համար:
Մեթոդի դաշտային փորձարկումներն անց են կացվել վերջին երկու տարիների ընթացքում, և դեռևս կշարունակվեն առնվազն չորս տարի, սակայն նախնական տվյալներով արդյունքներն արդեն իսկ հուսադրող են։
Մի քանի տարի անց նախատեսվում է դուստր ձեռնարկություն ստեղծել՝ մեթոդը առևտրայնացնելու և ամբողջ աշխարհում ալյումինի օքսիդի վերամշակման արդյունաբերությանը օգնելու համար: