Վերհիշելով անմոռանալի ճամփորդությունը դեպի Հայաստան սենատոր Դոուլի հետ 1997 թվականին

Վերհիշելով անմոռանալի ճամփորդությունը դեպի Հայաստան սենատոր Դոուլի հետ 1997 թվականին

  • 15-12-2021 11:59:51   | Հայաստան  |  Քաղաքական

 
Սենատոր Բոբ Դոուլի արտասովոր կյանքի մասին շատ է գրվել դեկտեմբերի 5-ից հետո, երբ նա իր մահկանացուն կնքեց  98-ամյա պատկառելի տարիքում։ Նա եղել է զինվոր, Կանզաս նահանգի ներկայացուցիչ՝ երկու տարի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ութ տարի,  ԱՄՆ սենատոր՝ 27 տարի, երեք ժամկետով Սենատի մեծամասնության առաջնորդ՝ 11 տարի, Հանրապետական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու՝ 1976 թվականին և նախագահի թեկնածու՝ 1996 թվականին։
 
Սենատոր Դոուլը պատերազմի հերոս էր և Հայ դատի պաշտպան:
 
Նրա կյանքում ողբերգական շրջադարձ եղավ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ծառայելով  ամերիկյան բանակում, նա ծանր վիրավորվեց Իտալիայում՝ լուրջ վնասվածք ստանալով ուսի ու աջ թևի շրջանում։ Հայ օրթոպեդ վիրաբույժ դոկտոր Համբար Կելիկյանը կարողացավ փրկել Դոուլի վիրավոր ձեռքը՝ յոթ վիրահատություններից հետո, որոնք հրաշագործ բժիշկը կատարեց առանց որևէ վճարի։
 
Նրան ֆիզիկապես բուժելուց առավել կարևոր էր, որ դոկտ. Կելիկյանը կարողացավ  բարձրացրել Սենատի ապագա առաջնորդի ինքնավստահությունը՝ կենտրոնանալու այն ամենի վրա, ինչ մնացել է նրան, այլ ոչ թե դժգոհելու իր կորցրածից: Սա կարևոր դաս էր, որը Բոբ Դոուլը միշտ հիշեց իր ողջ կյանքի ընթացքում:
 
Դոկտ. Կելիկյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից մեկն էր: Նա իր հիվանդի` Բոբ Դոուլի հետ կիսվել էր Հայոց ցեղասպանության դժոխային իրողության մասին, որի ընթացքում կորցրել էր ընտանիքի մի քանի անդամներին, իսկ ինքը՝ հազիվ փրկվել: Այդ սարսափելի պատմություններն իրենց անջնջելի հետքը թողեցին երիտասարդ Դոուլի վրա, որը երբեք չմոռացավ հայոց ողբերգությունը: Երբ նա հասավ իշխանության ամենաբարձր աստիճաններին, հնարավոր ամեն ինչ արեց՝ բազմաչարչար հայ ժողովրդի նկատմամբ որոշ չափի արդարության հասնելու համար՝ փորձելով ստիպել Միացյալ Նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 
Սենատում հայ ժողովրդի անունից Դոուլի վճռական ջանքերը խափանվեցին Քլինթոնի վարչակազմի և սենատոր Ռոբերտ Բիրդի (դեմոկրատ, Արևմտյան Վիրջինիա) կողմից: Այնուամենայնիվ, 30 տարի անց Հայոց ցեղասպանության ճանաչմանը սենատոր Դոուլի համառ նվիրվածության արդյունքում առաջացած հրապարակայնությունը տվեց իր ցանկալի արդյունքը:
 
Բարեբախտաբար, Բոբ Դոուլը այնքան երկար ապրեց, որ տեսնի իր անխոնջ աշխատանքի պտուղները, երբ նախագահ Ջո Բայդենը՝ Բոբ Դոուլի մտերիմ ընկերն ու քաղաքական մրցակիցը, 2021 թվականի ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Դոուլը անձնական գրություն ուղարկեց նախագահ Բայդենին՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
 
Ցանկանում եմ ընթերցողների հետ կիսվել, վերհիշելով իմ ուղեկցումը սենատոր Դոուլին փաստահավաք ճանապարհորդության ժամանակ դեպի Հայաստան 1997 թվականի հոկտեմբերի 13-15-ը՝ գնահատելու Քըրք Քըրքորյանի ծրագրած բազմամիլիոնանոց մարդասիրական ծրագրերը նրա «Լինսի» հիմնադրամի միջոցով: Պատվիրակության կազմում էին դոկտոր Կելիկյանի դուստր Ալիս Կելիկյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջիմ Ալջյանը և նրա կինը՝ Մարջորին, սենատորի երկու օգնականները և Սյու Թեմկինը՝ Վաշինգտոնում Դոուլի փաստաբանական գրասենյակի հարկային փաստաբանը։ Մենք ուղևորվեցինք Քըրքորյանի անձնական ինքնաթիռով։ Ես պատվիրակության հետ ճամփորդել եմ որպես Հայաստանում «Լինսի» հիմնադրամի ծրագրերի պատասխանատու:
 
Պետության ղեկավարների այցելության համար նախատեսված սովորույթով, այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եկան Երևանի օդանավակայան՝ ողջունելու սենատոր Դոուլին Հայաստանում: Օդանավակայանում ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսենը։ Չնայած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացակայում էր երկրից՝ Ֆրանսիա կատարած այցի պատճառով, նա հեռախոսով զրուցեց սենատոր Դոուլի հետ։
 
Սենատոր Դոուլը, որպես հայ ժողովրդի հերոս, մեծ խանդավառությամբ ընդունվեց ինչպես հանրության, այնպես էլ պաշտոնյաների կողմից։ Հայաստանում գտնվելու մի քանի օրերի ընթացքում մենք հանդիպեցինք վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի, առևտրի և արդյունաբերության նախարարի, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարարի, արտաքին գործերի փոխնախարարի (նրանց համապատասխան նախարարները նախագահի հետ Ֆրանսիայում էին), խորհրդարանի նախագահի և նրա երկու տեղակալների, խորհրդարանական բոլոր հանձնաժողովների նախագահների, գործարարների և  դրամատերերի  հետ։ Սենատոր Դոուլը հանդիպեց նաև ընդդիմադիր երեք կուսակցությունների  առաջնորդների հետ և մամուլի ասուլիս հրավիրեց։
 
Մենք այցելեցինք ԱՄՆ դեսպանատուն, որտեղ տեղեկություններ ստացանք դեսպանից, առևտրային կցորդից և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչից։ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում հանդիպեցինք նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ։ Մենք  շրջեցինք ժամանակակից հագուստի արտադրամասում, որի սեփականատերը մի գործարար կին էր, որը 500 աշխատող ուներ: Վերջապես այցելեցինք Մանկական սրտաբանական կենտրոն, որտեղ գլխավոր վիրաբույժը ամերիկահայ բժիշկ Հրայր Հովակիմյանն էր։
 
Սենատոր Դոուլը խորապես հուզված էր Նորքի մանկատան 70 մանկահասակ երեխաներին այցելության ժամանակ։ Երբ իմացավ, որ մանկատան աշխատակիցները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել, սիրահոժար առաջարկեց վճարել նրանց չվճարված աշխատավարձերը։
 
Մեկ այլ հուզիչ իրադարձություն էր սենատոր Դոուլի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ նա ծաղկեպսակ դրեց: Նա և Ալիս Կելիկյանը ծառ տնկեցին ի հիշատակ բժիշկ Համբար Կելիկյանի։
 
Սա սենատոր Դոուլի երկրորդ այցն էր Հայաստան։ Նա իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ այցելել է Հայաստան 1989 թվականին՝ 1988 թ․ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո։ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունը հեղինակավոր Պատվո շքանշան շնորհեց սենատոր Դոուլին։
 
Սենատոր Դոուլը դեռևս գործունյա էր 97 տարեկանում: 2020 թ. սեպտեմբերի 15-ին սենատոր Դոուլը և նրա լոբբիստական ընկերությունը՝ Alston & Bird-ը, պայմանագիր կնքեցին Հայաստանի կառավարության հետ՝ «դիտարկելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին առնչվող ընթացիկ իրադարձությունները և տրամադրելու ռազմավարական խորհուրդ՝ այդ հարաբերությունների բարելավման հետ կապված»։ Սենատոր Դոուլը գրել է. «Այս ծառայությունները կարող են ներառել Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև Կոնգրեսի անդամների և նրանց աշխատակազմերի հետ շփումը»: Պայմանագիրը մեկ ամսով էր՝ 10000 դոլար արժողությամբ։
 
Հայ ժողովուրդը հավերժ կհիշի այս մեծ մարդուն, որը երբեք չմոռացավ իր առողջությունը վերականգնած հայ վիրաբույժին և հնարավոր ամեն ինչ արեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան   -   Քաղաքական

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը