Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ սպառնալիքների և բանկային տրոյանցիների գրոհները թուլացել են, շորթող տրոյացիներինը՝ սաստկացել


Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ սպառնալիքների և բանկային տրոյանցիների գրոհները թուլացել են, շորթող տրոյացիներինը՝ սաստկացել

  • 17-12-2021 10:43:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2021-ի երրորդ եռամսյակում հիմնականում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 0,85%-ը՝ 2020-ի երրորդ եռամսյակի 2,16%-ի դիմաց:
 
Միաժամանակ, կրկնակի նվազել է այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են մոբայլ բանկային տրոյական ծրագրերի՝ 2020 թվականի երրորդ եռամսյակի 0,06%-ից մինչև 0,03% 2021-ի նույն ժամանակահատվածում:
 
Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, եթե փրկագնման հետագա պահանջով տվյալների ծածկագրման փորձեր 2020-ի հուլիս-սեպտեմբերին գրանցվել են հայաստանցի օգտատերերի սարքերի 0,01%-ում, ապա ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը աճել է մինչեւ 0,02%:
 
Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն