Դեռ վաղ է խոսել Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին. Ստանիսլավ Զաս


Դեռ վաղ է խոսել Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին. Ստանիսլավ Զաս

  • 15-01-2022 13:18:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն շրջադարձային պահը եկել է։ 
 
«Ռիա նովոստիի» հաղորդմամբ, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում  հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
 
«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, մի շարք տարածաշրջաններում այն ևս կչեղարկվի», - ասել է Զասը:
 
Նրա խոսքով, կա սահմանափակումների փուլային մեղմացում, երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:
 
«Տեսանելի է, որ իրավիճակում արդեն շրջադարձային կետ է եղել։ Երևի թե վաղաժամ կլինի ասել, որ  իրավիճակը կարգավորվել է»,- ասաց նա։
 
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
 
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը  նա դիմել էր նաև  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
 
ՀՀ ԶՈւ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար: Հայ խաղաղապահները հունվարի 14-ին վերադարձել են Հայաստան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը