Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսին աճել է 15.4 տոկոսով
25-02-2022 13:49:37 | Հայաստան | Տնտեսություն
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվարին 15.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2021-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով, իսկ հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել 37.8 տոոկսով:
Շինարարության ծավալը 2022-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 3 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 86.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվարին 2021-ի հունվարի նկատմամբ ավելացումը կազմել է 11.5 տոկոս, իսկ հունվարի ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 41.9 տոկոսով: Հայաստանում 2022 թվականի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 21.2 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ նվազել՝ 16.2 տոկոսով:
2022 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվարի համեմատ աճել է 7.1 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 1.6 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին 2021-ի հունվարի համեմատ աճել է 9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0.9 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 19.2 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 7.1 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 60.4 տոկոս աճ, իսկ օրինակ դեկտեմբերի ցուցանիշի համեմատ նվազել է 28.7 տոկոսով: 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 53.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով: