Հագեցած 2021 թվական, իսկ առաջիկայում նոր ու հետաքրքիր ծրագրեր. ՋԱՀ-ն ամփոփել է անցյալ տարին


Հագեցած 2021 թվական, իսկ առաջիկայում նոր ու հետաքրքիր ծրագրեր. ՋԱՀ-ն ամփոփել է անցյալ տարին

  • 12-03-2022 09:26:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը(ՋԱՀ), որը գործում է 2014 թվականից արդեն հասցրել է Ջավախքում իրականացնել բազմաթիվ կրթամշակութային,  սոցիալական, տնտեսական, առողջապահական և սպորտային ծրագրեր։ Տարեցտարի այդ ծրագրերի ու դրանցից օգտվողների թվերն ավելանում են։
Հիմնադրամի գործունեությունը հագեցած էր նաև 2021 թվականին։
 
ՋԱՀ-ի, ԱՏՁՄ-ի և բարերարների ջանքերով գործող 4 «ԱրՄաթ» լաբորատորիաների թիվը անցյալ տարի հասավ 8-ի, որտեղ շուրջ 500 երեխա այժմ ստանում է անվճար ինժեներական կրթություն։Առաջիկայում պլանավորվում է ևս երկու «ԱրՄաթ» կենտրոնների հիմնադրում Ջավախքում։ 
 
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքով հերթական «Արմաթ» կենտրոնի բացումը Ջավախքում մեծ ու կարևոր նշանակություն ունի. «Մենք մեծ սպասելիքներ ունենք կենտրոն հաճախող երեխաներից: Նրանք պետք է տիրապետեն գիտությանն ու տեխնոլոգիական մասնագիտություններին, որպեսզի պատշաճ կերպով ներկայանանք աշխարհին, ունենանք մեր տեղն ու դիրքը: Նաև վստահ եմ, որ Արմաթում սովորող  երեխաները մեծ նպաստ պետք է ունենան Վրաստանի տնտեսական զարգացման ու Ջավախքը ներկայացնելու պատվավոր գործերում», -ասում է պարոն Սահակյանը:
Անցյալ տարվա թերևս ամենախոշոր ու քննարկվող ծրագրերից մեկը Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումն ու բացումն էր պոետի հայրենի Գանձա գյուղում։ Գանձայում նորաբաց ցուցասրահը տրամադրություն է փոխում, իսկ այնտեղ մեր բոլորի Տերյանը ներկայացված է նորովի։ Անգամ պոետի արվեստը սիրողներն ու ճանաչողներն այնտեղ ինչ-որ չափով նոր Տերյանի կհանդիպեն ու կբացահայտեն։ Ցուցասրահում Տերյանը նաև կենդանանում է ARLOOPA հավելվածի միջոցով:
 
Նորաբաց ցուցասրահը արդեն շատերին է հիացրել իր դիզայներական ու ստեղծագործական լուծումներով։ Իսկ ՋԱՀ-ը հետևողականորեն իրականցնելու է տուն-թանգարանի ամբողջական վերականգնումը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ Այժմ սկսվել են տուն-թանգարանի հուշային մասի վերականգման նախապատրաստական աշխատանքները։
 
Անցյալ տարի ՋԱՀ-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ Ջավախքում անցկացրեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ։ Հայ և վրացի լուսանկարիչներ երեք օր շարունակ եղան Ջավախքի ամենագեղեցիկ ու թաքնված անկյուններում, ծանոթացան գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյաին և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսեցին ֆոտոխցիկի միջոցով:
 
Լուսանկարչական արշավին հետևեց համանուն լուսանկարչական ցուցահանդեսը, որը ՀԲԸՄ Երևան դահլիճում գործեց նոյեմբերի 1-ից 10-ը։
 
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն ասում է, որ ՋԱՀ-ն ունի մշակութային ծրագրերի մեծ փաթեթ, իսկ լուսանկարչական ցուցահանդեսն ու դրան նախորդած լուսանկարչական արշավը դրանցից հերթականներն էին.« Ցուցահանդեսը շատ կարևոր էր Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու տեսանկյունից։ Ցուցահանդեսում լուսանկարների տեսքով ցուցադրվեց ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը»։
 
Անցյալ տարի՝ ամբողջ տարվա ընթացքում Ջավախքի 5 շրջաններում (Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ասպինձա, Ծալկա) ՋԱՀ-ը ՀԲԸՄ-ի հետ համատեղ իրականացրեց «Աջակցություն ջավախցիներին» ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 120 գյուղերում ու քաղաքներում 15.000 ընտանիք ստացան եվրոպական, բարձրորակ հագուստ (բաճկոն, ժիլետ և այլն)։
Բացի հիմնական խոշոր ծրագրերից տարվա ընթացքում իրականացվել են նաև մի շարք գիտակրթական, երիտասարդական, մշակութային ու սոցիալական ծրագրեր։
 
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը ուրախությամբ է նշում, որ այս տարին ևս հագեցած է լինելու ամենատարբեր ծրագրերի ու նոր նախագծերի իրականացման տեսանկյունից։ Նա նաև ասում է, որ մեր ծրագրերն ու գործունեությունը հնարավար չէր լինի առանց հիմնադրամի հագաբարձուների խորհրդի անդամների և բարերարներ ֆինանսական ներդրումների. «ՋԱՀ-ի կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի ետևում կանգնած են ինչպես մեր գործընկերները այնպես էլ բարերարները, ովքեր գիտակցելով Ջավախքի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը մեծ ներդրումներ են անում, որպեսզի ջավախքի տարբեր բնակավայրերում հիմնադրվեն և վերականգնվեն մշակութային ու կրթական կենտրոններ, թանգարաններ, իրականացվեն սոցիալտնտեսական ծրագրեր և այլն»։ 
 
Իսկ այն մարդիկ ովքեր սրտացավ են կարող են անցնել հետևյալ հղմամբ՝  http://www.jah.am/financial_support և ունենալ իրենց ներդրումը Ջավախքի զարգացման ու ամրացման գործում»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն