Ռուսաստանի դաշնության ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խոր մտահոգության առարկա է.ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում ավելացվել է երկու ադրբեջանական "դիտարկման կետ". Ստյոպա Սաֆարյան
Ռուսաստանի դաշնության ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խոր մտահոգության առարկա է.ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում ավելացվել է երկու ադրբեջանական "դիտարկման կետ". Ստյոպա Սաֆարյան
«Ադրբեջանական "դիտարկման" կետ ռուսական խաղաղապահության պատասխանատվության գոտո՞ւմ
Ռուսաստանի դաշնության ՊՆ կայքում տեղադրված քարտեզը խոր մտահոգության առարկա է։ Մարտի 28-ի քարտեզում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում ավելացվել է երկու ադրբեջանական "դիտարկման կետ"․․․
Նախ, ադրբեջանական զինված ուժերը ամենևին "դիտարկելու" չեն եկել Փարուխ գյուղ ու նրա հարակից բարձունքները, երկրորդը՝ հայաբնակ գյուղերի հայաթափման եղանակով իրականացված ու հեռահար հարձակողական նպատակներ հետապնդող բարձունքի գրավման ագրեսիոն գործողությունն անթույլատրելի է օրինականացնել՝ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում այն ներկայացնելով իբրև "դիտարկման կետ"։
Եվ վերջապես՝ եթե ռուսական պատասխանատվության գոտում Ադրբեջանը պետք է դիտարկի, ապա էլ ի՞նչ ռուսական "պատասխանատվության" գոտի․․․ Այդ դեպքում որտտեղ են ավարտվում ու որտեղից սկսվում ռուսական ու ադրբեջանական "պատասխանատվության" գոտիները և ով և ինչի համար է պատասխանատու ու ի՞նչ են "դիտարկում"․․․
ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարությունները կամ հրապարակավ, կամ ներքին խողովակներով պետք է բողոք արտահայտի այս կապակցությամբ։ Եթե անգամ դա "դիտարկման" կետ էլ լիներ ու իրականացված լիներ խաղաղ եղանակով, դրա հաստատումը պետք է լիներ եռակողմ ձևաչափի տրամաբանության մեջ։
Մնում է ենթադրել, որ ռուսական կողմը կամ անկարողությունից դրդված է այս ամենը որպես fait-accompli (կայացած փաստ) "ներառում" իրբրև թե "իր պատասխանատվության գոտում", կամ ինչ-ինչ գործարքի շրջանակներում կամ շարժառիթներով ընդառաջում է Ադրբեջանի կողմից հայտարարված Արցախի "դեմիլիտարիզացիայի"՝ արցախյան/հայկական պաշտպանական ուժերի դուրս բերման հերթական քայլին։
Չհաստատված տեղեկություններով՝ Արցախի արևելյան ուղղության այս հատվածում ադրբեջանական զինուժի կուտակմամբ Ադրբեջանը փաստացի ռուսական ու հայկական կողմերին հասկացնում է, որ կամ պետք է "համակերպվեն" իրավիճակի ու ադրբեջանական կողմի առաջխաղացման հետ, կամ այլընտրանքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումն է․․․
Իրավիճակի անհեթեթությունը կատարյալ է դառնում, քանզի Արցախում ռուսական խաղաղպահությունը ոչ միայն չունի
ադրբեջանական հաստատումը (Ադրբեջանը չստորագրեց մանդատը), այլ նաև ՄԱԿ մանդատի ներքո չէ՝ հարցը ՄԱԿ տեղափոխելու ու վերպետական ինստիտռուցիոնալ ճնշում գործադրելու համար։ Սա արդեն լրջագույն սպառնալիք է ստեղծում, քանի որ Ադրբեջանը բավական վտանգավոր նախադեպ է ստեղծում, իսկ ադրբեջանական քաղաքական-պետական-հասարակական շրջանակները չեն թաքցնում այն շարունակելու իրենց մտադրությունը։
Նման իրավիճակում ռուսական խաղաղպահությունը ոչ միայն ինքը չունի վեճերի լուծման մեխանիզմ ու կողմերին պարտադրելու կարողություն, ցանկություն կամ իրավասություն, այլ նաև այդ կարգի վեճերը ՄԱԿ տեղափոխելու հնարավորություն։
Պաշտոնական Ստեփանակերտը և Երևանը պետք է գործեն միասնական, ճշգրիտ ու թիրախավորված՝ այս խնդիրները լուծելու համար։ Երևանի կողմից ռուսական խաղաղապահության հետ կապված հետաքննության պահանջը միանգամայն իրավաչափ է ոչ միայն հասկանալու համար, թե ինչու և ինչ շարժառիթներով ապահովվեց հայկական զինված ուժերի "ոչ հայելային" ետքաշումը, այլ նաև գոնե այդ հիմքով հրադադրի ռեժիմի խախտումն այլ ատյաններ տեղափոխելու համար։»