«Մեր երկրի անվտանգության համակարգն ուղղակի խարխլվում է քաղաքական նեղ շահերի ու կոպիտ սխալների պատճառով՝
1) Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար հետևողականորեն արվում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով արդարացվում կամ օրինականացվում են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները՝ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների անվտանգության ու կյանքի բացարձակ անտեսումով:
Ի՞նչ իրավունք ունի Հայաստանի անվտանգության համակարգի հետ առնչություն ունենալ Պաշտպանության այնպիսի [գործողը] նախարարը, ով, օրինակ, Սյունիքում ճանապարհներն ադրբեջանական անօրինական արարքներով արգելափակելուց հետո հայտարարել է. «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել», «Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է» և այլն:
Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի Նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան հայտարարում է, թե «Հետո ի՞նչ որ կրակում են»:
Ո՞ր իրավունքով է Կառավարությունը Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք գտնվեն ադրբեջանական նշանառության ներքո:
Ո՞վ է այս պաշտոնյաներին իրավունք տվել խաղալ Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ, պատճառել անվերականգնելի վնասներ մեր Հայրենիքին:
Նման անպատասխանատու ու որևէ կարգավիճակի մեջ չմտնող հայտարարություններից, քայլերից հետո ո՞ր պետությունից կամ միջազգային կառույցից եք ակնկալում աջակցություն:
2) Արտաքին աշխարհին ցույց չեն տրվում ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները. ամեն ինչ սահմանափակվում է քաղաքական բնույթի ընդհանրական հայտարարություններով: Այդ փաստերը թաքցվում են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից: Սա էլ Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատում՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:
Լայնածավալ ճնշումների են են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:
3) Քաղաքական պաշտոն զբաղեցնող տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում:
Զուգահեռ, Ադրբեջանը խորացրել է ատելությունն ու թշնամանքը: Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում է բացառապես երկիրը ոչնչացնելու սպառնալիքներով: Արցախի բնակչության նկատմամբ իրականացնում է էթնիկ բնաջնջման քաղաքականություն:
Ադրբեջանական խախտումների փաստերը արտաքին աշխարհին չներկայացնելով ու միջազգային մեխանիզմներ չօգտագործելով՝ կապվել են պետության ձեռքերը միջազգային ասպարեզում, իսկ երկիրը դարձել է աշխարհաքաղաքական շահերի զոհը:
Տեղի է ունենում պետության հրաժարում մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանության պարտավորություններից:
Բայց շատ հստակ է, թե ովքեր են մեղավորները Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության համակարգի շարունակական տապալման համար:»