Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում դրամաշնորհներ
են տրամադրվել հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորների
15-04-2010 17:12:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
նախաձեռնել էինք այն երազանքով, որ մի օր երիտասարդները կսկսեն
ֆիլմեր նկարահանել»,- ապրիլի 15-ի ասուլիսում հայտարարեց
կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքերով, այսօր
Հայաստանում կա նոր կինոարվեստի կարիք, եւ ցանկացած երիտասարդ
կինոռեժիսոր աջակցություն կստանա «Ոսկե ծիրան»-ի կողմից, միայն թե
ֆիլմ նկարահանելու ցանկություն ունենա:
Ըստ փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա
Հարությունյանի, «Ոսկե ծիրանի» բոլոր ծրագրերը, այդ թվում`
«Ռեժիսորներ առանց սահմանների», ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա
կինոպլատֆորմը ծառայում են հայ նոր կինոն բարձրացնելու նպատակին:
Նա հայտնեց, որ «Ոսկե ծիրան»-ի եւ Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր»
կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 8-10-ին Ստամբուլի
միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Հայաստան-Թուրքիա
կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը` «Միասին ֆիլմեր
նկարահանենք» խորագրով: Երկու երկրներում էլ նախօրոք հայտարարվել
էին կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի մրցույթ: Ս.Հարությունյանը
հայտնեց, որ հայկական կողմը ստացել էր 15 նախագիծ, իսկ թուրքականը`
40, որոնցից ընտրվեցին 5-ական նախագիծ:
Հանդիպման արդյունքում երեք երիտասարդ հայ կինոռեժիսորների`
Դիանա Կարդումյանին, Գոռ Բաղդասարյանին եւ Արթուր Սուքիասյանին,
տրամադրվել են դրամաշնորհներ: Ասուլիսին մասնակցող Դ.Կարդումյանը
նշեց, որ իր «Գալաթա» ֆիլմը ներկայացնելու է Ստամբուլի
գեղեցկությունը: Ա.Սուքիասյանն իր հերթին հայտնեց, որ նկարահանելու
է «Աղավնիների վարպետը» ֆիլմը` Գյումրիում եւ Կարսում բնակվող
աղավնապահների մասին: Իսկ Գ.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իր ապագա
ֆիլմը` «Հարեւանները», ներկայացնելու է հայ-թուրքական սահմանին
գտնվող երկու գյուղերի բնակիչների կյանքը: Նշվեց, որ դրամաշնորհներ
են ստացել նաեւ թուրք երկու ռեժիսորներ:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010թ.-ի գործունեությունը
ֆինանասավորում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: