Աշխարհում Առաջին Գենետիկորեն Ձևափոխված Երեխաների Ստեղծող Հե Ցզյանկույն Ազատ Է Արձակվել Բանտից
13-04-2022 13:53:18 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ita. Հե Ցզյանկույը չինացի գիտնական է, ով ցնցեց աշխարհը 2018 թվականի վերջին, երբ բացահայտվեցին CRISPR-Cas9 տեխնոլոգիայի միջոցով մարդկային սաղմերի գենետիկ կոդը փոխելու նրա փորձերը։ Փորձերի արդյունքում նույն թվականի նոյեմբերին ծնվել են երկվորյակ աղջիկներ՝ հավանաբար աշխարհում առաջին գենետիկորեն ձևափոխված մարդիկ, որոնք, ենթադրաբար, անխոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց գիտնականների, էթիկայի մասնագետների և իրավապահների շրջանում, հատկապես այն պատճառով, որ ավելի ուշ բացահայտեցին, որ փորձերը տեղի են ունեցել «գիտական և էթիկական սխալների զուգակցմամբ»:
Աղջիկների իրական անունները հասարակությանը հայտնի չեն։ Նրանց ծնողների մասին էլ ոչինչ հայտնի չէ, հրապարակվել է միայն այն փաստը, որ նրանք Ցզյանկույի կողմից կատարված բժշկական փորձի մասնակիցներ են։
Բացահայտվելուց հետո Հե Ցզյանկույը բանտարկվեց և կորցրեց իր գիտականպաշտոնը Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանում: Այժմ հայտնի է դարձել, որ նա ազատ է արձակվել և նույնիսկ բջջային հեռախոսով պատասխանել է լրագրողների զանգին․ «Հիմա անհարմար է խոսել»,- ասել է նա և անջատել հեռախոսը:
Գիտական շրջանակներում Ցզյանկույին բնութագրում են որպես «իդեալիստ, միամիտ և հավակնոտ»։ Հաղորդվում է, որ գիտնականը ցնցված է եղել գիտականհանրության նման վրդովմունքից, քանի որ ակնկալում էր, որ Նոբելյան մրցանակ կստանա իր ձեռքբերումների համար։ Դեռևս ձերբակալությունից առաջ նա ծրագրում էր առևտրայնացնել իր նախագիծը. նույնիսկ «նախնական բանակցություններ» էր վարել Չինաստանում կամ Շվեյցարիայում մանկական դիզայնի կլինիկա բացելու համար:
Հսկայական թվով գիտական և էթիկական հարցեր դեռևս անպատասխան են մնում՝ կապված մարդու ԴՆԹ-ի հետ աշխատելու ամբողջ հայեցակարգի հետ, թեկուզ միայն այն պատճառով, որ առաջատար մասնագետները դեռևս չեն պատկերացնում, թե ինչպես է մարմնում գործում գենետիկ կոդը: Բայց Ցզյանկույի նախադեպը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ այս ոլորտում հայտնվելու են էնտուզիաստներ, ովքեր փորձելու են շարունակել Ցզյանկույի կիսատ թողածը։