Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին մի քանի նախնական դիտարկումներ. Սուրեն Սուրենյանց


Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին մի քանի նախնական դիտարկումներ. Սուրեն Սուրենյանց

  • 13-04-2022 14:33:01   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.   
 
Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին մի քանի նախնական դիտարկումներ.
 
✓ Վարչապետը փաստացի ընդունեց, որ 2018- 2020թթ-ին եղել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի "գծի մեջ" ու ԼՂ խնդրում անկեղծ չի եղել հասարակության հետ։
 
✓ 2018- 20թթ-ին, արժանապատիվ խաղաղության օրակարգի տապալումը ու պատերազմ սանձազերծելու Ալիևի օրակարգը լեգիտիմացնելը եղել է Փաշինյանի ամենամեծ սխալը, արկածախնդրությունը, ինչի համար Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ թանկ են հատուցել։
 
✓ Արդյո՞ք ավելի բարենպաստ պայմաններում "ոչմիթիզականության" դիրքերից հանդես եկած ու Տավուշի ավանտյուրայով իրեն "Տիգրան Մեծ" պատկերացրած Փաշինյանն այսօր կարող է լինել խաղաղության օրակարգի հետևողական պաշտպան, ԼՂ խնդրում գնալ ցավոտ, ոչ ստանդարտ լուծումների  թե՞ գործող վարչապետի քաղաքական փոխակերպումը պայմանավորված է բացառապես սեփական իշխանության պահպանման հրամայականով։
 
✓ Եթե Փաշինյանն իրապես դասեր է քաղել 2018-20թթ-ի սեփական աններելի սխալներից, ապա պարտավոր է խաղաղության օրակարգի շուրջ ձևավորել քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա, արմատապես փոխել իշխանության որակը։
 
Հակառակ դեպքում` դժվար է հավատալ, թե Փաշինյանը գիտակցել է, որ հիմա Հայաստանը խաղաղության բանակցությունների գնում է շատ ավելի անբարենպաստ դիրքերից, ինչը հետեւանք է նաև 2018-20թթ-ների իր արկածախնդիր քաղաքականության։
 
✓ Եթե իմպերատիվը բացառապես իշխանության պահպանման հրամայականն է, ապա Փաշինյանի խաղաղության օրակարգը նույնանալու է միակողմանի զիջումների հետ, ինչի հետեւանքով` կարճ փուլ հետո, Հայաստանը կանգնելու է խաղաղության գործընթացի վիժեցման ու ներքին հեղաշրջման լրջագույն ռիսկերի առջև։
 
✓ Վարչապետն արձանագրեց մի շատ էական նրբություն․ «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»։
 
Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է, բայց անհրաժեշտ է բացահայտել Հայաստանի օրակարգը։ Պաշտոնական Երեւանը գնում է խաղաղության բազմափո՞ւլ գործընթացի, որի առաջին փուլում առկախվում է Արցախի կարգավիճակի հարցը` մինչև հայերի ու ադրբեջանցիների միջև ձեւավորվի վստահության միջավայր, թե՞ Արցախի կարգավիճակը հստակեցվում է հիմա: Սա շատ սկզբունքային հարց է` հենց արցախահայության անվտանգության պաշտպանության տեսանկյունից։ Իհարկե, պաշտոնական Երեւանը պետք է օբյեկտիվորեն հրաժարվի Արցախի անկախության պահանջը` որպես նախապայման դիտարկելու անիրական, ցնորամիտ օրակարգից, բայց պարտավոր է գործուն օրակարգ ունենալ` արցախահայության անվտանգության ու իրավունք ների պաշտպանությունը երաշխավորված դարձնելու հարցում։
 
✓ Եթե Փաշինյանն իրապես առաջնորդվում է խաղաղության օրակարգով(ոչ թե մտածում է միակողմանի զիջումներով սեփական իշխանության պահպանման մասին), ապա այդ հարցում կարող է ակնկալել իմ ու "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության աջակցությունը։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն