Այս փուլում Մոսկվան ակնհայտորեն շահագրգռված չէ ԼՂ կարգավիճակի քննարկման հարցով. քաղաքագետ
20-04-2022 17:25:17 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ներկայացրել է մի քանի նախնական դիտարկումներ Պուտին- Փաշինյան համատեղ հայտարարության վերաբերյալ: Ֆեյսբուքյան էջում նա գրում է.
«30 կետ պարունակող այս փաստաթուղթն անդրադարձ է կատարում երկկողմ, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ-ին, միջազգային համատեքստին։
✓ հայ- ադրբեջանական ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ընդգծվում է ռուսական միջնորդության ու Ռուսաստանի առանցքային դերի մասին։
✓ դելիմիտացիա\ դեմարկացիայի հանձնաժողովի ստեղծման մասին խոսվում է` Ռուսաստանի խորհրդատվական աջակցության ընդգծումով, բայց «ջրվում» է Բրյուսելի օրակարգը. փաստաթղթում խոսք չկա հայ- ադրբեջանական պայմանագրի մասին։
✓ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները նաև անդրադարձել են «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրմանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում»։ Ընդգծել են հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
«Այդ համատեքստում նրան հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», - նշված է հայտարարությունում։
✓ «Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածության» ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին հիշատակումներն, անշուշտ, դրական են, բայց ակնհայտորեն կարգավորման քաղաքական բաղադրիչը ստորադասվում է «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրմանը»։
Այս փուլում Մոսկվան ակնհայտորեն շահագրգռված չէ ԼՂ կարգավիճակի քննարկման հարցով(սա Մոսկվայի համար նոր դիրքորոշում չէ)։
✓ Միջազգային հարցերում համատեղ հայտարարությունը բոլոր դեպքերում հղում է անում պաշտոնական Մոսկվայի կողմից օգտագործվող տերմինաբանությանը, մյուս կողմից` չկան ձեւակերպումներ, որոնք ուկրաինական կամպանիայում ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի գործողությունները»։