Ռուսական մոտեցումն ավելի բարենպաստ է Հայաստանի համար․ Սուրեն Սուրենյանց


Ռուսական մոտեցումն ավելի բարենպաստ է Հայաստանի համար․ Սուրեն Սուրենյանց

  • 21-04-2022 21:12:19   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.  
 
«Պուտին- Փաշինյան հայտարարությունը տարբեր որակումների, գնահատականների արժանացավ, բայց դրա ղարաբաղյան հատվածը սկզբունքորեն նպաստավոր է հայկական դիվանագիտության համար, եթե պաշտոնական Երեւանը կարողանա օգտվել բարենպաստ պատեհությունից։
 
Մի քանի արձանագրում անեմ.
 
ԵՄ-ն, արեւմտյան կողմն, ըստ էության, առաջարկում են հայ- ադրբեջանական համապարփակ խաղաղության պայմանագիր կամ փաթեթային լուծում, որում վերջնականապես լուծվելու է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Պատահական չէ, որ մի փաթեթի մեջ են դիտարկվում դելիմիտացիա/ դեմարկացիայի հարցը ու խաղաղության պայմանագրի գործընթացը։
 
Պատահական չէ, որ հենց Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին։ Սա, այպես կոչված, բրյուսելյան արձանագրում է։
 
Եթե արեւմտյան մոտեցումը որդեգրվի ու կարգավիճակի հարցը քննարկվի հիմա, լավագույն դեպքում` Արցախը բարձր ինքնավարություն է ունենալու Ադրբեջանի կազմում, այն էլ` հայկական դիվանագիտության մեծագույն ջանքերի ու միջազգային խաղացողների ուժեղ միջամտության պարագայում։
 
Պուտին- Փաշինյան ծավալուն հայտարարությունը հուշում է, որ ռուսների պատկերացրած հայ- ադրբեջանական դիալոգը բազմափուլ է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը Արցախի կարգավիճակի հարցից, ինչն այս փուլում առկախվում է։
 
Իհարկե, ռուսական այս մոտեցումը չի ենթադրում, թե Մոսկվան Արցախի ինքնիշխանության կողմնակիցն է կամ ձգտելու է նրա սուբեկտության մեծացմանը։ Ռուսաստանը շահագրգռված է Արցախում սեփական խաղաղապահ առաքելության երկարաձգման հիմքերի ստեղծմամբ։ Մյուս կողմից, հայկական կողմը Արցախի կարգավիճակի հստակեցման առկախումը կարող է օգտագործել` իր դիվանագիտական կարողությունները մեծացնելու համար։
 
Մոսկվայի համատեղ հայտարարությունը դեղատոմս չէ, ընդամենը` հնարավորությունների փոքր պատուհան է, եթե Հայաստանը կարողանա ուժեղացնել իր ներքին պոտենցիալը, վարել արդյունավետ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։
 
Միով բանիվ, պաշտոնական Երեւանը պետք է պատրաստ լինի նաև հայ- ադրբեջանական համապարփակ, փաթեթային դիալոգի, որը ենթադրում է ԼՂ կարգավիճակի քննարկում` այլ հարցերի շարքում։ Այս պարագայում` շեշտը պետք է դրվի Արցախի սուբեկտության վերականգնման, անվտանգության միջազգային երաշխիքների ձեւավորման վրա` ենթադրյալ ոչ բարենպաստ կարգավիճակի համատեքստում։»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն