Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների


Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների

  • 22-04-2022 10:07:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Lragir.am. Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով` Պուտինի պարտությունն Ուկրաինայում բխում է հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի շահերից, գրում է Ամերիկայի ձայնը։
 
Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում օրերս կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ուր նա հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը հանդիպումից հետո հրապարակեցին ծավալուն հայտարարություն, որն ընդգրկում էր հայ-ռուսական բանակցությունների լայն օրակարգը:
 
German Marshall Fund հաստատության վերլուծաբան Ջոնաթան Կացն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում արտառոց չի համարում այս հանդիպումը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև կապերն ու փոխգործակցությունը: Այն, սակայն, անհնար է դիտարկել այսօրվա իրականությունից դուրս, նշում է նա: Ռուսական վայրագությունների, ուկրաինացիների դեմ շարունակվող պատերազմի և Արևմուտք-ՌԴ հակադրման պայմաններում, Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը, տնտեսապես, քաղաքականապես և անվտանգության տեսանկյունից դառնում են ավելի խոցելի, պնդում է վերլուծաբանը: Նրա կարծիքով, պատերազմի արդյունքում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը զգալի ազդեցություն է թողնում Արևմուտքի և ՌԴ-ի հակադրման մեջտեղում հայտնված Հայաստանի վրա:
 
«Ես չեմ տեսնում Երևանի կողմից Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների լիարժեք աջակցություն: Նույնիսկ կողմերի միջև արված վերջին հայտարարության տեքստը որևէ կերպ չի անդրադառնում ուկրաինական իրավիճակին՝ կենտրոնանալով ՀՀ-ի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերների, ինչպես նաև տնտեսական ներգրավվածության և հարաբերությունների վրա»,- պնդում է Կացը:
 
Իր հերթին «Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ևս մատնանշում է Երևանի շոշափելի կախվածությունը Մոսկվայից, հատկապես անվտանգության ոլորտում: Հերբսթն ընդգծում է, սակայն, որ Երևանը չի ցանկանում որևէ կերպ կապված լինել Պուտինի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի հետ՝ ցանկանալով միաժամանակ խուսափել Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ ծանր պատժամիջոցների ազդեցությունից։
 
«Հայաստանում առկա է ռուսական զգալի ազդեցություն։ Երևանը կարող է ձգտել հեռու մնալ Պուտինի որոշակի գործողություններից, սակայն նրա համար դժվար է հեռավորություն պահպանել Ռուսաստանից: Կարծում եմ՝ այս հանդիպումը արտացոլում էր այդ ամենը»,- նկատում է նա:
 
Հերբսթի խոսքով՝ այսօր Պուտինի վարչակարգը սպառնում է հետխորհրդային բոլոր երկրների ինքնիշխանությանը, «քանի որ Պուտինը շատ հստակ նշել է, որ ցանկանում է էական վերահսկողություն սահմանել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում»: Այս ցանկությունը, ըստ Հերբսթի, արտացոլված է Ուկրաինա ներխուժումից առաջ Պուտինի վերջին ելույթներում:
 
«Կարծում եմ, որ նախկին Խորհրդային Միության բոլոր երկրները կունենան ավելի շատ անվտանգություն, ավելի ապահով և ավելի լավ ապագա, եթե Ուկրաինան կարողանա ձախողել ռուսական ագրեսիան իր տարածքում… Պուտինի պարտությունը Ուկրաինայում բխում է հայերի, ադրբեջանցիների, վրացիների, Կենտրոնական Ասիայի երկրների շահերից»,- ասում է նա:
 
Նա ձախողված է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ըստ նրա՝ միջնորդներն ընդհանուր առմամբ կարող են օժանդակել կողմերի խաղաղ գործընթացին, սակայն իրական խաղաղությունը հնարավոր է միայն Բաքվի ու Երևանի միջև փոխըմբռնման դեպքում: Իր հերթին Ջոնաթան Կացը, կարևորելով կողմերի միջև փոխըմբռնումը, Մինսկի խմբի ձևաչափը որակում է «վնասված, սակայն ոչ մահացած»: Ըստ նրա՝ դրան է նպաստել 2020 թ. պատերազմն ու ՌԴ-Արևմուտք այսօրվա հակադրումը:
 
«Անկասկած այսօր ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները գտնվում են այն հարթության վրա, որտեղ անհնարին է երկխոսությունը կամ համագործակցությունը համանախագահների միջև, սակայն դա չի նշանակում, որ Մինսկի խումբը «մահացած» է»,- պնդում է Կացը:
 
Վերլուծաբանները թերահավատորեն են մոտենում Պուտին-Փաշինյան հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Մոսկվան աջակցում է հայ-թուրքական երկխոսությանը: Նրանք համակարծիք են՝ Թուրքիան և Ռուսասատանը հակառակորդներ են Հարավային Կովկասում և տարակարծիք են տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներում: Վերլուծաբանները, սակայն, դրական են գնահատում Անկարայի և Երևանի միջև երկխոսությունը՝ շեշտելով՝ այն մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play