«Երգի և խոսքի վարպետը». հուշ ցերեկույթ՝ նվիրված Վլադիլեն Բալյանին
30-04-2022 13:29:50 | Հայաստան | Մշակույթ
Ապրիլի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Երգի և գործի վարպետը» խորագրով հուշ ցերեկույթ՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին:
Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձին այս տարի առաջին անգամ ներկա չէր ինքը՝ Մաեստրոն:
Միջոցառման հյուրերն էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ: Մեծ արվեստագետի և անհատի հետ ունեցած համագործակցության և բարեկամության մասին անմիջական հուշերով կիսվեցին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ԵՊԿ պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Ալինա Փահլևանյանը, սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը և կոմպոզիտորի որդին՝ ճարտարապետ Կարեն Բալյանը:
Ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի պատրաստած «Երգի և գործի վարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որում տեղ էին գտել Վ. Բալյանին առնչվող բացառիկ նյութեր թանգարանի արխիվից:
Համերգային բաժնում հնչեցին Մաեստրոյի թե՛ նշանավոր և թե՛ հազվադեպ կատարվող ռոմանսները: Ելույթ ունեցան մեներգիչներ Դիանա Հարությունյանը (սոպրանո) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ: