Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով


Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

  • 12-05-2022 17:48:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։ «Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2021թ․ գրանցվել  է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–մարտ ժամանակահատվածի համար կազմել է 140․24 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,4%–ով», - նշել է Արմեն Արզումանյանը։ 
 
Արմեն Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։ Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ պետությունների հետ համագործակցության տարաբնույթ ձևաչափերով:
 
Նախարարի տեղակալը նշել է, որ այսօր Հայաստանը հանդիսանում է գրավիչ երկիր գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից և ՀՀ կառավարությունը վարում է բաց դռների քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության ոլորտում, ինչը երաշխավորված է օրենքով:   
 
ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանն իր խոսքում ընդգծել է պետական կառույցների կարևոր դերը գործարար շրջանակների համար համագործակցության լայն հնարավորություններ ընձեռելու, առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որպեսզի իրենք՝ գործարարները կարողանան անմիջական կապ հաստատել միմյանց հետ։
 
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն իր ելույթում նշել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանում ստեղծված են լայն հնարավորություններ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու համար՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանելու նպատակով, որտեղ առկա է ապրանքների մեծ պահանջարկ։ Նա նաև ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու Հայաստանում և Իրանում համատեղ ներդրումների իրականացման կարևորությունը։ 
 
Արսեն Ավագյանը նաև տեղեկացրել է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում գործում է առևտրական կցորդի գրասենյակը, որը գործարարներին կարող է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ կատարելու կամ ձեռնարկություններ հիմնադրելու վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել գործարար կապերի հաստատման հարցում։ 
 
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, և ստեղծված են նպաստավոր պայաններ տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար։ Այդ նպատակով դեսպանը հատկապես շեշտադրել է երկու երկրների գործարար ոլորտում առկա ներուժը ուսումնասիրելու և այդ ուղղությամբ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը։    
 
Համաժողովի ընթացքում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը իրանցի գործարարներին տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների վերաբերյալ:
 
Համաժողովի ընթացքում «Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է «Արաս» ԱՏԳ-ում աշխատող իրանցի ներդրողներին հնարավորություն ընձեռել հեշտ մուտք գործել «Մեղրի» ԱՏԳ, իսկ հայ գործարարներին՝ «Արաս» ԱՏԳ-ի միջոցով հեշտ մուտք գործել իրանական շուկա։    
 
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են նաև G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն