Բրյուսելյան հանդիպման միակ որոշակի «արդյունքը»


Բրյուսելյան հանդիպման միակ որոշակի «արդյունքը»

  • 23-05-2022 16:00:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է
 
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության հիմքով՝ մայիսի 22-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ամենից ակնհայտ և որոշակի «արդյունքը» Արևմուտք-Ռուսաստան անուղղակի հակամարտություն-մրցակցության կարծրացումն է նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորան գործընթացում։
 
Այս իրողությունն ուղղակիորեն արտացոլվում է նաև Միշելի հայտարարության մեջ արձանագրված՝ հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի խնդրահարույց բոլոր ուղղություններում (հումանիտար հարցեր, Արցախի հիմնախնդիր, սահմանազատում/սահմանային անվտանգություն, խաղաղության համաձայնագիր) քննարկումների ակնկալվող զարգացումներում Ռուսաստանի ներգրավվածության-ազդեցության հնարավորինս չեզոքացմանը միտված ձգտումներով։
 
Ընդ որում, այս ուղեգիծը կյանքի կոչելու համար Բրյուսելն ապահովում է գործընթացների որոշակի տեմպ, որն առայժմ համապատասխանում է Բաքվի շահերին, իսկ Երևանի համար կարևոր է զուտ ընթացիկ կարգավորման փորձերի առկայությամբ՝ ադրբեջանական կողմի վարքը կառավարելի պահելու տեսանկյունից։
 
Այս համատեքստում առայժմ ՌԴ ուղիղ ներգրավվածությամբ շարունակվելիք միակ հարթակը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացն է, որում, ըստ 2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝  Մոսկվան ունի ուղիղ պարտականություն՝ «Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։   
 
Հետևաբար, կասկածից վեր է, որ առաջիկայում Ռուսաստանը նախաձեռնելու է բրյուսելյան հարթակի միջոցով Արևմուտքի հարավկովկասյան նկրտումները կանխելուն միտված նպատակային քայլեր։ Իսկ Արևմուտք-Ռուսաստան այս մրցակցությունն անուղղակիորեն տորպեդահարելու է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը համաշխարհային տուրբուլենտության ընթացիկ շրջանում բխում է Հայաստանի շահերից։ Ավելին, Հայաստանն անգամ պետք է խթանի Մոսկվայի դերակատարման ակիվացման անհրաժեշտ պայմանների ապահովումը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն