ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը


ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

  • 26-05-2022 16:10:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Կոմիտեն հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը` այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 
 
Հաստատված ծրագրով նախատեսված է համալիր հարկային ստուգումներ իրականացնել 725 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 3.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 750 հարկ վճարող): Այս տարի հաստատված ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5% (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է շուրջ 98%): 
 
Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության (համախառն եկամտի) շուրջ 53.4%-ը (նախորդ տարվա ծրագրով այդ ցուցանիշը կազմել է շուրջ 42%): 
 
2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի  «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող  ստուգումների պլան») ենթաբաժնում՝ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIVerificationsPlan:
 
Պետական եկամուտների կոմիտեն համոզված է, որ հարկային մարմին-հարկ վճարող արդյունավետ համագործակցությունը շարունակելու պայմաններում տարեցտարի կրճատվելու են համալիր հարկային ստուգումները` նպաստելով ինքնուրույն հարկերի հաշվարկման և վճարման գործընթացին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play