Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը


Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը

  • 06-06-2022 18:53:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԿԳՄՍ նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 84 տարեկանում կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը:
 
Վրեժ Հակոբյանը հանդիսատեսին հայտնի է ոչ միայն թատրոնում, այլև կինոյում կերտած իր դերերով՝ Ռոդրիգո Շեքսպիրի Օթելլո դրամայից, Սերոբը՝ Վ. Փափազյանի Ժայռը պիեսից, Արտակ Մոկացը՝ Դ. Դեմիրճյանի Վարդանանք վեպից, Կարինե, Խաթաբալա, Երկունք, Արևիկ և այլ կինոֆիլմերից:
 
Թատերարվեստում և կինոարվեստում ունեցած իր ակնառու վաստակի համար Վրեժ Հակոբյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալների:
 
Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թ. Աթենք քաղաքում: 1947 թ. հայրենադարձվել է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի արվեստանոցը: Երկար տարիներ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
 
ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դերասան Վրեժ Հակոբյանի ընտանիքի անդամներին և գործընկերներին:
 
Վրեժ Հակոբյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմ գործընկերների և արվեստասերների սրտերում:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն