Եվրոպական հնագիտության օրերն անցկացվելու են նաև Հայաստանում


Եվրոպական հնագիտության օրերն անցկացվելու են նաև Հայաստանում

  • 08-06-2022 10:56:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այս տարի Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։
 
Եվրոպական հնագիտության օրերն անցկացվում են 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap):  
 
Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության համար, հանդիպումներ հնագետների  հետ, որոնք հանրությանը նկարագրում են իրենց մասնագիտության մանրամասները, ինչպես նաև տեղի են ունենում ժամանցային և կրթական մի շարք միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։ 
Հայաստանում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ 
 
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և ոլորտի սիրահարների համար։ 
 
Միջոցառումների ծրագիրը՝
 
Հունիսի 17, Ժամը 10։30
 
«Կարմիր բլուր» հնավայր
 
«Ինչպես իրականացնել վերգետնյա հնագիտական ուսումնասիրություն» (կրթական ծրագիր)
Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ Կարմիր բլուր հնավայրում՝ ամրոցի դիմացի հատվածում, կկազմակերպվի կրթական ծրագիր հնագիտական վերգետնյա ուումնասիրության կազմակերպման տեսքով: Տարածքում նախապես պահպանվելու են տարբեր ժամանակաշրջանների իրերի, ինչպես նաև բեկորների կրկնօրինակներ: Մասնակիցները սովորելու են վերգետնյա հնագիտական ուսումնասիրություն իրականացնելու մեթոդները, օգտվելու են հատուկ քարտեզներից և օդալուսանկարներից, այնուհետև կազմելու են հայտնաբերված իրերի քարտեզը, կատարելու վիճակագրական ուսումնասիրություն և ձեռք են բերելու խեցեղենի տիպաբանության վերաբերյալ որոշակի գիտելիքներ:
 
Ժամը 11։30
«Էրեբունի» արգելոց-թանգարան
 
«Արի´ պեղենք միասին» (կրթական ծրագիր)
Թիրախային խումբ՝ 6-17 տարեկան աշակերտներ
 
«Էրեբունի» հնավայրի հարակից արհեստական-ուսումնական պեղավայրում հնարավորություն
կընձեռվի «հնագիտական պեղումներ» և նոր բացահայտումներ իրականացնելու: Կրթական ծրագրի ընթացքում
արհեստավարժ հնագետի օգնությամբ հնագիտական գործիքներով և համապատասխան պարագաներով
մասնակիցները հնագետին հատուկ համբերությամբ կիրականացնեն պեղումներ և կհայտնաբերեն
ուրարտական արտեֆակտեր։
 
ժամը 17։00
 
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ /Չարենցի փ. 15/
 
«Հնագիտության զարգացումը և հեռանկարները Հայաստանում» (դասախոսություն, վարող՝ Պավել Ավետիսյան և/կամ Արսեն Բոբոխյան)
 
Թիրախային խումբ՝ 15 տարեկանից բարձր ցանկացած անձ Դասախոսություն նվիրված հայկական հնագիտության անցած ճանապարհին: Հանրամատչելի ձևով և PP ցուցադրության միջոցով կխոսվի ուսումնասիրության պատմության, տարբեր դարաշրջանների առանձնահատկությունների, հայ հնագիտության ներկա վիճակի, միջազգային կապերի, զարգացման
հեռանկարների մասին: Այդ ամենը կարվի համաշխարհային հնագիտության զարգացման համատեքստում:
 
Հունիսի 18, ժամը 11։30
 
«Շենգավիթ» հնավայրին կից ուսումնական-արհեստական պեղավայր
 
«Արի´ պեղենք միասին» (կրթական ծրագիր)
Թիրախային խումբ՝ 6-17 տարեկան աշակերտներ
 
«Շենգավիթ» հնավայրի հարակից արհեստական-ուսումնական պեղավայրում հնարավորություն կընձեռվի «հնագիտական պեղումներ» և նոր բացահայտումներ իրականացնելու: Կրթական ծրագրի ընթացքում արհեստավարժ հնագետի օգնությամբ հնագիտական գործիքներով և համապատասխան պարագաներով մասնակիցները հնագետին հատուկ համբերությամբ կիրականացնեն պեղումներ և կհայտնաբերեն ուրարտական արտեֆակտեր։
 
Ժամը 14։00
 
«Էրեբունի» արգելոց-թանգարան
 
«Զգալով հնագիտությունը» (կրթական ծրագիր)
 
Թիրախային խումբ՝ տեսողության սահմանափակումներ ունեցող անձինք «Էրեբունի» թանգարանում տեսողության սահմանափակումներ ունեցող անձինք թանգարանի արհեստավարժ աշխատակիցների ուղեկցությամբ, շոշափելով թանգարանում ցուցադրվող մոտ 30 իրերի կրկնօրինակներ՝ կկարողանան գիտելիքներ ձեռք բերել Էրեբունու, սեպագիր գրային համակարգի և Էրեբունի ամրոցից հայտնաբերված կարևոր հնագիտական իրերի մասին: Զուգահեռաբար բոլոր իրերի համար ստեղծվել է հատուկ շոշափողական ալբոմ և Բրայլի համակարգով ուղեկցվող տեքստեր:
 
Ժամը 15։00
 
«Էրեբունի» արգելոց-թանգարան
 
Հնագիտական հուշարձանների եռաչափ վերակազմություններ (եռաչափ տեսահոլովակի ցուցադրություն, վարող՝  ճարտարապետ-վերակազմող, հեղինակ Ռուբեն Սարգսյան)
 
Թիրախային խումբ՝ բոլոր հետաքրքրվող անձինք
 
«Էրեբունի» թանգարանում կցուցադրվեն ուրարտական հուշարձանների եռաչափ վերակազմությունները
տեսահոլովակի տեսքով, կներկայացվեն ուրարտական մի շարք հուշարձանների եռաչափ վերակազմության
մոդելները:
 
 Հունիսի 19,  ժամը 11։30
 
«Կարմիր բլուր» հնավայրին կից ուսումնական-արհեստական պեղավայր
«Արի´ պեղենք միասին» (կրթական ծրագիր)
 
Թիրախային խումբ՝ 6-17 տարեկան աշակերտներ
 
«Կարմիր բլուր» հնավայրի հարակից արհեստական-ուսումնական պեղավայրում հնարավորություն կընձեռվի «հնագիտական պեղումներ» և նոր բացահայտումներ իրականացնել: Կրթական ծրագրի ընթացքում արհեստավարժ հնագետի օգնությամբ հնագիտական գործիքներով և համապատասխան պարագաներով մասնակիցները հնագետին հատուկ համբերությամբ կիրականացնեն պեղումներ և կհայտնաբերեն ուրարտական արտեֆակտեր։
 
Ժամը 15։00
«Էրեբունի» արգելոց-թանգարան
 
«Միասին վերականգնենք ուրարտական գանձերը» (կրթական ծրագիր)
Թիրախային խումբ՝ բոլոր ցանկացողները
 
Ծրագրի ընթացքում մասնակիցները բաժանվում են երկու խմբի և «Էրեբունի» թանգարանի բազմափորձ
վերականգնողների օգնությամբ փորձում են բեկոր առ բեկոր հավաքել և ամբողջացնել ուրարտական սափորի և
թասի կրկնօրինակները: Այս դասընթացը մեծապես նպաստում է սկսած գործը ամբողջացնելու և ավարտին
հասցնելու զգացմանը, ինչպես նաև սովորեցնում խեցեղենի վերականգնման որոշակի հմտություններ:
 
Ժամը 17։00
 
«Էրեբունի» արգելոց-թանգարան
 
«Հնագիտություն և կոնտեքստ» (դասախոսություն, վարող՝ Միքայել Բադալյան)
Թիրախային խումբ՝ 15 տարեկանից բարձր ցանկացած անձ
 
Հնագիտական կոնտեքստը կարևոր նշանակություն ունի պեղվող հնավայրի շերտագրության, ժամանակագրության և ընկալման համար: Կոնտեքստուալ մոտեցման կիրառումը նոր հեռանկարներ է բացում ՈՒրարտուի հնագիտության մի շարք խրթին հարցերի նորովի լուսաբանման համար:
 
Արմավիրի մարզ
 
Հունիսի 17,Ժամը 12։00
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Տարոնիկ համայնք
 
Ցուցահանդես
 
Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։
Ցուցահանդեսը նվիրված է հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի գործունեությանը։
Ներկայացվելու են հայտնաբերված հարուստ և եզակի գտածոներ։
 
Լուռու մարզ
 
Հունիսի 17, Ժամը 13։00
 
Լոռի-Փանբակի երկրագիտական թանգարան, քաղաք ՎԱՆԱՁՈՐ
 
«Լոռվա հնագիտական հուշարձանները» (հանրային դասախոսություն, վարող՝ Ա․
Նալբանդյան)
 
Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։
 
Գիտահանրամատչելի դասախոսության ընթացքում կներկայացվեն ՀՀ Լոռու մարզի հնագիտական
հուշարձանները և վերջին տարիներին դրանցում կատարված աշխատանքները։ Հատուկ ուշադրություն
կհատկացվի Սանահին վանական համալիրին։
 
Հունիսի 18, Ժամը 13։00
 
«Լոռի բերդ» արգելոց-թանգարան
 
Լոռի բերդ հնավայր (բաց դասախոսություն, վարող՝ Հ․ Սիմոնյան) Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։
 
Բաց դասի ընթացքում կներկայացվեն հուշարձանի պատմությունը, տեղում իրականացվող
աշխատանքները։
 
Արագածոտնի մարզ
 
Հունիսի 18, Ժամը 10։30
 
«Դաշտադեմ ամրոց» պատմահնագիտական արգելոց-թանգարան, գյուղ ԴԱՇՏԱԴԵՄ
 
Դաշտադեմ ամրոցի պեղումները և վերականգնողական աշխատանքները
(դասախոսություն և շրջայց տեղում, վարող՝ Ա․ Բաբաջանյան)
Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ
Դաշտադեմի ամրոցը միջնադարյան Հայաստանի մոնումենտալ կառույցներից է, որը վերականգնվել է և
այսօր գրեթե ամբողջությամբ տեսանելի է այցելուների համար: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում
կներկայացվեն ամրոցի պատմությունը, պեղումները և վերականգնման աշխատանքները: Կիրականացվի շրջայց
և կներկայացվի հուշարձանն իր շերտագրությամբ:
 
Ժամը 12։00
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
 
Ցուցահանդես
 
Թիրախային խումբ՝ աշակերտներ, ուսանողներ, զբոսավարներ և հետաքրքրվող այլ անձինք։
 
Ցուցահանդեսը պատմում է հուշարձանի ուսումնասիրության պատմությունը արխիվային լուսանկարների
և անոտացիոն տեքստերի միջոցով։
 
Ժամը 12։00
 
«Ագարակ» արգելոց, գյուղ ԱԳԱՐԱԿ
 
Թեմատիկ էքսկուրսիա (կրթական ծրագիր)
Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ
Այցելուները տեղում պատրաստելու են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված կավե
արձանիկների կրկնօրինակները։
 
 Հունիսի 19, Ժամը 10։30
 
«Ագարակ» արգելոց, գյուղ ԱԳԱՐԱԿ
 
«Ագարակ» սրբազան տարածքները հին Հայաստանում - (դասախոսություն և շրջայց տեղում,
վարողներ՝ Պ. Ավետիսյան և/կամ Ն. Ենգիբարյան, Գ. Թումանյան)
 
Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ
 
Հին Հայաստանը հայտնի է սրբազան տարածքներով, որոնք գտնվում են ինչպես բնակավայրերի
միջավայրում, այնպես էլ այդ բնակավայրերից դուրս: Դրանք եղել են հասարակության հոգևոր խմորումների
կենտրոններ և տարբեր համայնքների հավաքատեղիներ: Նման սրբազան տարածքներից է Ագարակի ժայռափոր
համալիրը, որը սկիզբ առնելով վաղ բրոնզի դարում՝ շարունակել է իր գոյությունը մինչ միջնադար: Միջոցառման
նպատակն է տեղում ներկայացնել հուշարձանը և խոսել սրբազան տարածքների նշանակության մասին վաղ
հասարակություններում:
 
Գեղարքունիքի մարզ
 
Հունիսի 18, Ժամը 12։30
 
Արտանիշ գյուղի դպրոց
 
«Համայնքային հնագիտությունը և դրա զարգացման հեռանկարները Հայաստանում»
(դասախոսություն Արտանիշ համայնքի դպրոցում և այցելություն հնագիտական
հուշարձաններ, վարող՝ Մ․ Ամիրյան)
 
Թիրախային խումբ՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ
 
Հանրային հնագիտությունը զբաղվում է համայնքի և հնագիտության հարաբերության խնդրով, փորձում
է ցույց տալ հնագիտության առաքելությունը համայնքի զարգացման գործում, մշակում է միջոցներ համայնքի
պատմական ինքնագիտակցությունը մեծացնելու ուղղությամբ: Արտանիշ գյուղի դպրոցում կիրականացվի
ինտերակտիվ դասախոսություն և սեմինար նվիրված հանրային հնագիտությանը: Որպես օրինակ
 
կներկայացվում Սոթքի հնագիտական արշավախմբի վեց տարվա դաշտային աշխատանքների փորձը:
 
Կկատարվեն այցելություններ հարակից հնագիտական հուշարձաններ, տեղում կխոսվի հանրային
հնագիտության հետ կապված խնդիրների մասին:
 
Արարատի մարզ
 
Հունիսի 18,Ժամը 12։00
 
Հնաբերդ գյուղ
 
«Մայրաքաղաք Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ցուցահանդես և
թեմատիկ էքսկուրսիաներ
 
Թիրախային խումբ՝ ցանկացած անձ
Ցուցահանդեսը պատմում է հուշարձանի ուսումնասիրության պատմությունը արխիվային
լուսանկարների և անոտացիոն տեքստերի միջոցով։ Թեմատիկ էքսկուրսիաներն անցկացնելու են արշավախմբի
անդամները։
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն