Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները հիմնականում թուլացել են


Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները հիմնականում թուլացել են

  • 14-06-2022 11:05:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2022-ի առաջին եռամսյակում հիմնականում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 1,43%-ը՝ 2021-ի առաջին եռամսյակի 1,57%-ի դիմաց:
 
Միաժամանակ, կրկնակի նվազել է այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են մոբայլ բանկային տրոյական ծրագրերի՝ 2021-ի առաջին եռամսյակի 0,04%-ից մինչև 0,02% այս տարվա նույն ժամանակահատվածում:
 
Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, ապա փրկագնման հետագա պահանջով տվյալների ծածկագրման փորձեր 2022-ի հունվար-մարտին գրանցվել են հայաստանցի օգտատերերի մոբայլ սարքերի 0,02%-ում, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոփոխվել։
 
Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ