Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը


Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը

  • 23-06-2022 12:40:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 
 
Այս մասին հայտարարվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են վերջին մեկ տարվա հետազոտությունների արդյունքները։
 
Ստանալով մրցանակը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գնահատականի համար շնորհակալություն է հայտնել մասնագիտական ժյուրիին և ԶԼՄ ներկայացուցիչներին և շեշտել, որ  թափանցիկությունն ու հաշվետվողականությունը նախարարության գործունեության համար սկզբունքային աշխատելաոճ են, իսկ մրցանակը և՛  ոգևորող է, և՛ պարտավորեցնող:  
 
«Պետությունը մեկ միասնական համակարգ է, և ԿԳՄՍ նախարարության աշխատանքը փոխկապակցված է Կառավարության գործունեության հետ: Մենք ուրախ ենք, որ այս ընդհանուր համակարգում առանձնացվել է մեր աշխատանքը: ԿԳՄՍ նախարարությունը դեռ շատ անելիքներ ունի, որոնք չեն կարող արդյունավետ իրականացվել առանց հանրության հետ կապի: Հասարակությունը պետք է իմանա` մենք ինչով ենք զբաղվում, ինչու ենք այս կամ այն որոշումը կայացնում: Պետք է լինեն քննարկումներ, բազմակարծություն և այլակարծություն, բայց միաժամանակ հանրության հետ երկխոսության  գործընթացը պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտում` միմյանց նկատմամբ հարգանքը դիտարկելով որպես միասնական մշակույթի մաս: Հանրային խոսքը, ԶԼՄ հրապարակումը, ելույթը, անկախ նրանից` հնչում են Կառավարության նիստում, հանրահավաքում, թե մեկ այլ հրապարակային հարթակում, պետք է լինեն մշակութային և կիրթ: Անկախ մեր ունեցած մոտեցումներից և հայացքներից` պետք է հասկանանք, որ մենք բոլորս մեկ միասնություն ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և սփյուռքը»,- իր ելույթում նշել է Վահրամ Դումանյանը:
 
Հայկական PR մրցանակաբաշխության միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը:
 
Մրցանակը շնորհվել է մեկ տարվա դիտարկումների և գիտական հետազոտության արդյունքում, որի շրջանակում անցկացվել են սոցհարցումներ,  ֆոկուս-խմբային հարցազրույցներ ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կատարվել է ԶԼՄ հրապարակումների քանակական և որակական դիտարկում: Ամփոփիչ փուլում Հայկական PR մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում լավագույն եռյակից հաղթողներին որոշել է մասնագիտական ժյուրին:
 
Հավելենք, որ PR մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Հայկական Փի Ար ասոցիացիան»: Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշել է, որ մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play