«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում


«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում

  • 23-06-2022 14:52:28   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Հայաստան» դաշինքը Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է. 
 
«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում,  հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը եւ Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
 
Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները: 
 
Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը։
 
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր եւ փոխայցելություններ։
 
Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն