Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան պարոնայք:
Կան միայն հայեր, որ ապրում են երկրի վրա: ԵՎ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա: Միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:
Վիլյամ Սարոյան
Ֆրեզնոյի հարուստ, կանաչների մեջ կորած հայաշատ թաղամասերից մեկում` Եդեմում, արդեն կես դար, իր երկհարկանի ու գեղեցիկ տանն էր ապրում Արաքս Բաբայանը:
Կինն ապրել ու ապրում էր միայնակ
Այդ առավոտ, հազիվ բացելով անքնությունից ծանրացած կոպերը. լուսադեմին էր միայն կարողացել աչք փակել, բերանի մեջ չորություն զգալով` ձեռքը մեկնեց եւ վերցրեց մահճակալի մոտ, փոքրիկ սեղանին դրված բաժակը: Բաժակը դատարկ էր:
-Լյուսի~,- կանչեց կինը:
-Դուք արթնացե՞լ եք, տիկին Արաքս,- սենյակ մտնելով եւ մոտենալով պառկած կնոջը, հարցրեց Լյուսին:
-Ծարավ եմ, ջուր բեր, աղջիկս:
-Հիմա:
-Գիշերը լավ չքնեցի, հիմա էլ ինձ վատ եմ զգում: Երեկ դրսում երկար մնացի, մրսեցի հավանաբար: Երբեմն մոռանում եմ, որ արդեն ծեր եմ, էլ առաջվանը չեմ. մի թեթեւ քամի ու անկողնում եմ,- ջուրը խմելով եւ բաժակը մեկնելով աղջկան, ասաց կինն ու ավելացրեց,- ապրես: Իսկ հիմա տրորիր խնդրում եմ ձեռքերս, մատներս այնքան են թմրել, որ չեմ զգում նրանց:
Աղջիկը մի կողմ դնելով ձեռքի բաժակը, իր ափի մեջ առավ ծերացած ձեռքն ու սկսեց մերսել նախ մեկը, հետո` մյուսը: Երբեմն- երբեմն հայացքը գցելով կնոջ դեմքին` նա շարունակում էր մերսել արդեն չորացած, ոսկրոտ ձեռքերը` մատների ծայրերից մինչեւ դաստակներն ու մտովի խոսում. «Որքա~ն մաշված ու ծերացած են նրանք: Տեսնես ինչե՞ր ունեն իրենց մեջ պահած այս ափերը»:
Իսկ երբ ավարտեց գործը, կնոջ ձեռքերը զգուշությամբ դրեց վերմակի տակ եւ մեղմորեն հարցրեց.
-Հիմա լա՞վ եք զգում ձեզ:
-Համեմատաբար` այո: Ապրես: Ի՞նչ կանեի առանց քեզ, իմ հեզ ու բարի աղջիկ,- հարցրեց ծեր կինը:
-Մեկ ուրիշին կգտնեիք,- ծիծաղելով պատասխանեց աղջիկը:
-Մեկ ուրիշի՞ն, չէ~: Քո նմանին չէի գտնի: Եթե ջահել լինեի, հեշտ կլիներ, բայց առաջացած տարիքս, տեսածս ու ապրածս ինձ շատ են փոխել...
-Ես գոհ եմ, որ հենց ձեզ մոտ եմ աշխատում, ձեզ նման կնոջն օգնում:
Ի՞նչ է տեսել ու ապրել, մտածեց աղջիկը, բայց ոչինչ չհարցրեց: Իսկ Արաքսն ի պատասխան նրա բարձրաձայն խոսքի, միայն ժպտաց, այլեւս ոչինչ չասաց: Որքա~ն կյանք կա այս աղջկա մեջ, որքան ուրախություն Ինքն այս տարիքում տխուր հիշողություններով ու դառնությամբ էր լցված դեպ աշխարհը
Արաքսն ութսունին մոտ էր ու թեպետ տարիները սրբել ու տարել էին նրա դեմքից երիտասարդությունը, միեւնույնն է, նայելով նրան, կասեիր` անցյալում գեղեցիկ կին է եղել: Դիմագծերի համաչափությունը, աչքերի մեջ դեռեւս պահպանված փայլը, խոսում էր երիտասարդ տարիների նրա հմայքի ու գեղեցկության մասին: Բայց այդ գեղեցկության տակ մի անտեսանելի թախիծ էր քողարկում: Դա էր պատճառը, որ նա իր շրջապատին արտաքուստ թվում էր սառն ու անտարբեր: Հավանաբար դա նրա միայնակ մնալու պատճառներից մեկն էր...
-Այսօր ինձ չե՞ն զանգել,- մի փոքր անց, հարցրեց Արաքսը:
-Զանգել են:
-Իսկ Սուրե՞նը:
-Նա առավոտ վաղ զանգեց: Ասացի` դեռ քնած եք: Նա էլ թե` երբ քույրս արթնանա կասեք, որ երեկոյան կողմ կհանդիպեմ:
-Սուրենը, սիրելի եղբայրս -ինքն իրեն մրմնջաց Արաքսն ու փակեց աչքերը:
-Տիկին Արաքս, դուք ուտել չե՞ք ուզում,- քիչ անց, հարցրեց աղջիկը:
-Սուրճ բեր միայն:
-Մի՞գուցե ուտեք, հետո` սուրճ:
-Ուտել դեռ չեմ ուզում, ավելի լավ է սուրճս բեր,- ձայնը մի փոքր բարձրացնելով, ասաց կինը:
-Լավ,-պատասխանեց աղջիկն ու հեռացավ:
Երբ եղբայրը եկավ, քույրը համեմատաբար լավ էր զգում իրեն: Նա անկողնուց վեր էր կացել, հագնվել, հարդարվել. սպասում էր եղբորը:
-Քույրս, ի՞նչ է եղել քեզ: Գույնդ փոխված եմ տեսնում, - համբուրելով քրոջ այտը, հարցրեց Սուրենը:
-Բան չկա, պարզապես մի փոքր տկար էի ինձ առավոտից զգում:
- Չգիտեմ - չգիտեմ, քեզ լավ նայիր: Մեր տարիքի մարդիկ շատ շուտ են հիվանդանում, իսկ դա արդեն վտանգավոր է,- ասաց եղբայրն ու նստեց քրոջ մոտ` բազմոցին: Սկսեցին խոսել առօրյա անցուդարձից, եղանակից.
-Հաճելի եղանակներ են դրսում: Դու պետք է շատ լինես մաքուր օդում: Քայլիր այգում` ծառայող աղջկադ հետ: Տանն աշխատիր քիչ լինել,- խորհուրդ տվեց եղբայրը: Հետո էլ թե` իսկ գո՞հ ես այդ աղջկանից:
-Այո: Հասկացող աղջիկ է: Մի քանի օր է, որ աշխատում է, բայց նույն բանը երկրորդ անգամ դեռ չեմ կրկնել: Զարմանալի է, որ ամեն ինչ այդքան արագ է ըմբռնում: Որտեղի՞ց գտար նրան,- ժպտալով հարցրեց քույրը:
-Ընկերոջս գրասենյակում գրանցված, ծառայություն փնտրող աղջիկների ցանկում եմ նրա անունը գտել: Ասեմ նաեւ, որ աղջիկը սովորում է, ապագա փաստաբան է: Ընկերս ինքն էլ խորհուրդ տվեց նրան վերցնել: Ասաց, որ հարցազրույցի ժամանակ հասկացող ու բարի անձ է թվացել: Իսկ աղջիկը քեզ ասել է՞, որ մորական կողմից նրա մեծ մայրը հայուհի է,- հոնքերը բարձրացնելով, հարցրեց Սուրենը:
-Ոչ, չի ասել: Մի օր անպայման կասի,-ժպտաց Արաքսն ու կանչեց,- Լյուսի~, մեզ սուրճ ու աղանդներ բեր:
Եղբայրը քրոջից մեծ էր երկու տարով, բայց ամուր կազմվածքը, բարձր հասակը եւ շարժումների սահունությունը, ցույց չէին տալիս պատկառելի տարիքը: Հայացքը թանձր էր, խիստ: Կզակը ամուր, ոսկրոտ: Դա խոսում էր նրա բնավորության հաստատկամության ու խստության մասին:
Առաջին հայացքից քույր ու եղբայր նման չէին միմյանց: Բայց ուշադիր նայելով, կտեսնեիր մի յուրահատուկ գիծ, որ հատուկ է միայն Բաբայանների ընտանիքին: Ձախ հոնքից վերեւ, ասես հատուկ գծված մի գիծ էր բարձրանում դեպի ճակատը եւ կորչում մազերի արմատների մեջ: Որտեղ էլ նրանց սերունդները լինեն, ապրեն, գիծն անփոփոխ է: Այդ գիծը Բաբայաններինն է:
-Իսկ դու ինչպե՞ս ես,- հարցրեց քույրը:
-Վատ չեմ: Դեռ պինդ եմ,- ծիծաղելով պատասխանեց Սուրենը:
-Լավ է, ուրախ եմ քեզ համար, գոնե դու ամուր եղիր,- ասաց քույրը:
-Դե հասկանում ես, այժմ, երբ Վաղարշակն է գործի գլուխ անցել, ես հանգիստ եմ: Պատկերացնո՞ւմ ես, այգեգործությամբ եմ սկսել զբաղվել:
-Գովելի է շատ,- բռնելով եղբոր ամուր ու մեծ ձեռքը, ժպիտով ասաց քույրը:
-Գիտե՞ս, մեր եղբայր Ֆուադ -Գրիգորը մեկ ամիս առաջ Բիթլիսի կողմերն էր մեկնել իր առեւտրային գործերով: Խնդրել էի, երբ գնաս` ինձ խաղողի տնկիներ բեր: Բերեց: Հիմա էլ ամբողջ օրը դրանցով եմ զբաղված: Դու չես կարող պատկերացնել, թե ի~նչ յուրահատուկ են էդ տնկիներն ու որքան են տարբեր տեղի տեսակներից. ավելի հաստ են ու ճկուն,- ոգեւորված ասաց Սուրենը:
-Այո՞: Չգիտեի, ոչինչ չես ասել տնկիներիդ մասին եւ ոչ էլ Գրիգորն է ինձ ասել, որ Բիթլիս է մեկնելու: Հիմա ինձ ոչ ոք ոչինչ չի ասում: Է~հ, ծերացել եմ, դա է պատճառը:
-Այդպես մի ասա: Հիմա արդեն իմացար, չէ՞ քույրս,- այդ դիմելաձեւը` քույրս, գալիս է փոքրուց, Սուրենն այն երբեք չփոխեց:
-Բիթլիսի անունը լսելով, հուզվում եմ: Որքան փոքր էի, երբ հեռացանք, բայց մեկ է, կուզեի, գոնե մեկ անգամ մահից առաջ գնալ հայրենի քաղաքը, մեր ծնողների ու մեծ հայրիկ -մայրիկի ապրած տունը տեսնել: Հալեպն ավելի լավ եմ հիշում, բայց արի տես, Բիթլիսն եմ կարոտում,- ասաց Արաքսն ու աչքերը լցրեց: Մտքով` հուշի թեւով, թռավ հեռու, շատ հեռու, դեպի մանկություն
-Ի՞նչ տուն, ինչե՞ր ես խոսում -նախատող տոնով հարցրեց եղբայրը: Չէր ուզում քույրը նեղսրտի: Հուզվե՞լ այնտեղ թողած ու թաղած մանկության համար: Չէ~, թույլ չի տա
-Գրիգորն ինձ կտաներ, եթե առողջությունս ներեր: Թեպետ հիմա նեղսրտեցի, որ գնացել-եկել է ու ինձ ոչինչ չի ասել,- ասաց Արաքսը:
Ամեն անգամ քույր ու եղբայր իրար տեսնելով, խոսում էին հայրենիքի, հայրական տան մասին: Ու այդպես` քանի~ տարի
-Հասկացիր, տուն չկա: Քրդեր են վաղուց այնտեղ ապրում: Հայկական ոչինչ չի մնացել այնտեղ: Հայերեն միայն հինավուրց քարերն են իրար հետ խոսում: Օտարի շունչն է այնտեղ: Ավերված է երկիրը: Մեր եղբոր ասելով Բիթլիսն այժմ արեւելյան մի մեծ շուկա է` անշուք ու կեղտոտ տեսքով: Իսկ բերդը սկսել է փլվել: Բաղնիքներից էլ, ինչպես ինքն է ասում, միայն կամարաձեւ սյուններն են մնացել,- ծանր հոգոց հանելով, տխուր դեմքով, բացատրում էր Սուրենը: Գրիգորը շատ էր լսել Բաղեշի գեղեցկության ու ճարտարապետության մասին:
-Միեւնույնն է, կուզեի գնալ ու վերջին անգամ տեսնել: Այն մեր հայրենիքն է:
Տիրեց ճնշող լռություն: Այն խախտում էր միայն սուրճի բաժակի ձայնը, երբ ամեն ումպից հետո դրվում էր ափսեի մեջ:
-Հալեպից հեռանալն էլ դժվար էր,-կամաց ասաց Սուրենը:- Երբ Ֆրեզնո էինք գալիս, ինձ թվում էր որոշ ժամանակ անց, նորից կվերադառնանք Հալեպ, մայրիկի մոտ: Այդ էր պատճառը, որ Հալեպը միշտ ինձ համար մնաց մայրիկի ծոցի նման տաք ու թարմ:
-Մոտ օրերս ուզում եմ մեր մեծ հայրիկի ու մայրիկի գերեզման այցի գնալ: Երեւի կիրակի էլ պատարագի լինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Կուղեկցե՞ս ինձ, - շեղվելով ցավոտ թեմայից, հարցրեց քույրը:
-Հետաքրքիր է, այժմյան եկեղեցին շա՞տ է տարբեր նախկինից,-անսպասելի հարցրեց Սուրենը:
-Դա ինչո՞ւ ես հարցնում,-խիստ զարմացած հարցրեց քույրը:
-Պարզապես ուզում եմ իմանալ,-ժպիտով պատասխանեց եղբայրը:-Ասում են, մինչ այրվելը, հին Սուրբ Երրորդությունն ավելի գեղեցիկ է եղել:
-Մի՞գուցե... Հիմա ոչ ոք չի հիշի հինը, որքան գիտեմ տասնչորս թվին է այրվել:
Քույր ու եղբայր հաճախ էին այցի գնում մորական կողմից մեծ հայրիկի ու մայրիկի գերեզմանը: Այդ մարդիկ թաղված էին «Արարատ» գերեզմանատանը: Այնտեղ գնալով հարգում էին նաեւ օվկանոսի այն կողմում անգերեզման մնացած հոր` Վաղարշակի եւ Հալեպում թաղված մոր` Սաթենիկի ու մեկ այլ հարազատ մարդու` ազգությամբ արաբ, Մուստաֆայի սուրբ հիշատակը:
-Իհարկե, դու միայն օր առաջ ինձ տեղյակ պահիր, ես կգամ քեզ հետ,-համաձայնվեց Սուրենը: Դեռ փոքր տարիքից իրեն ավագ զգալով, մի առանձնահատուկ հոգատարություն էր տածում դեպի Արաքսը: Տարիները չփոխեցին ոչինչ նրա եւ քրոջ մեջ` սեր ու հարգանք միայն: Նախանձելի հարազատներ էին, մյուս բաեկամներին, շրջապատին գեղեցիկ օրինակ:
Մորական կողմից նրանք ունեին երեք եղբայր եւ երկու քույր: Ու չնայած հորից տարբեր էին, բայց շատ սիրով էին ու անշուշտ` կապված:
- Մի մեծ ու գեղեցիկ ընտանիք ենք,- ասում էին Սաթենիկ Բաբայանի բոլոր յոթ երեխաները, երբ հավաքվում էին իրենց ընտանիքներով Արաքսի տանը` այս կամ այն տոնի առիթով: Այս երեխաներից միայն Արաքսը չամուսնացավ, իր օջախը չունեցավ, բայց նրա տունը մյուսների համար դարձավ հայրական տուն, հարազատ բույն: Մի՞գուցե դա էր պատճառը, որ բոլորի հարգանքն ու սերն առանձնահատուկ էր իրենց քրոջ հանդեպ:
-Մեր քույրն ու մայրն է մեր Արաքսը -ասում էին նրանք:
-Արաքս, անուշիկ քույրս, պետք է գնամ: Մի քանի օրից նորից քեզ մոտ կլինեմ,- ասաց եղբայրն ու խոնարհվելով դեպի քույրը, հրաժեշտի համբույր թողեց ճակատին: Ու հենց այդ պահին, սենյակի անկյունում, փոքրիկ սեղանին դրված մի հին ու մաշված տիկնիկ նկատեց:
-Սա ի՞նչ տիկնիկ է,- անչափ հետաքրքրված, հարցրեց եղբայրը: Քույրը միայն տխուր ժպտաց.
-Չե՞ս հիշում
-Մի՞թե սա այն տիկնիկն է - ու այդ պահին ինչոր բան հեռվից, ասես հուշի թեւով եկավ ու նստեց Սուրենի գլխում:
-Այո: Հայրիկի նվիրած տիկնիկն է: Մի շաբաթ առաջ եմ գտել, հին իրերի մեջ: Իսկ ինձ թվում էր, կորցրել եմ: Երբ նավով գալիս էինք տիկնիկն իմ գրկին էր: Հիշեցի՞ր
-Տեսա ու հիշեցի: Հիշեցի, ինչպես տիկնիկը ձեռքին հայրիկը ժպիտով տուն մտավ: Հիշեցի քո ուրախությունը, ճիչը Այս անշունչ տիկնիկը մեջս միանգամից մեր հեռու օրերի, մեր ընտանիքի ուրախ պատկերները կենդանացրեց: Բիթլիսը եկավ աչքիս առաջ, մեր տունը, հայրիկն ու մայրիկը, - տխուր, շփոթված, ասաց Սուրենը:
-Այո: Իսկ ես որքան եմ ափսոսում, որ այդ բոլորը շատ ու շատ աղոտ եմ հիշում - ասաց կինը: Նրա ծերացած այտերով սկսեցին հոսել արցունքի փոքրիկ առվակներ: Հետո սրբելով աչքերը, Արաքսը մոտեցավ ու վերցրեց տիկնիկը, սեղմեց չորացած կրծքին: Այն իրոք շատ էր մաշված, նախկինում ունեցած նոր ու գեղեցիկ ժանեկազարդ հագուստները պատռված ու գունաթափված էին այժմ: Տիկնիկի գեղեցիկ, մարմարե դեմքն ու վերջույթները մաշվել էին ժամանակների մեջ: Բայց միեւնույնն է, այն սիրելի էր ծեր կնոջը, քանի որ հիմա իր ու Սուրենի մանկության միակ վկան էր իրենց կորցրած Բիթլիսից: Ու այն էլ` ինչպիսի~ մանկության անչափ փոքրիկ:
-Հիշիր, բայց մի տխրիր այդքան Ես գնում եմ: Իսկ կիրակի առավոտ ինձ սպասիր ու քեզ էլ լավ նայիր,- արագ-արագ ասաց Սուրենն ու դուրս եկավ սենյակից:
Թվաց, ինչ որ մեկը բռնել էր կոկորդից ու խեղդում էր, շունչը կտրվում էր: Նույն սենյակում, հուշերի հետ չէր կարող այլեւս մնալ Նրան օդ էր պետք:
Բայց արդեն ուշ էր, հուշերը թռել` եկել էին
Նա Ֆրեզնո էր եկել տաս տարեկանում, իր ութամյա քրոջ հետ: Այստեղ մեծ հայրիկի ու մայրիկի սիրո ու գուրգուրանքի մեջ մեծացան իրենք: Անցավ մանկությունը, պատանեկությունը: Բայց վաղ մանկության տեսածն ու ապրածն իրենց սիրելի Բիթլիսում` մնաց երեխաների հոգիներում, չջնջվեց, այլ տարիների հետ ավելի ու ավելի խտացավ ու տխուր կերպար ստացավ:
Այժմ էլ հաճախ, առանց դուռը զարկելու, հուշերը ներ էին խուժում Սուրենի մաշված ու ծերացած հոգին ու տակնուվրա անում ամեն ինչ: Ի՞նչ են ուզում: Ի՞նչ են փնտրում նրանք իր մեջ: Ե՞րբ են հանգիստ թողնելու: Գոնե մահից առաջ, այս ծեր տարիքում` կարո՞ղ է մի փոքր ազատ ապրել. հուշերից հեռո~ւ, կտրվա~ծ
-Սրտիս մեջ այնքան չթափված արցունք կա,- հիշելով մեծերից մեկի խոսքերը, կամաց կրկնեց Սուրենը, հետո շարունակեց իր միտքը,- հետո էլ այդ նույն արցունքը կարծրացավ, քար դարձավ: Իսկ քա՞րը, քարը ճնշում է հոգիս ու դեռ որքա~ն կճնշի
Արտաքուստ կենսուրախ, պինդ, կոճղի նման ամուր տղամարդը կուչ էր եկել փողոցում: Նայեց քրոջ տան կողմը: Միայն թե քույրը չնկատեր իր տեսքը. մեղք է Արաքսը: Հետո անհանգստությունից այնքան հարցեր կտա: Ո՞ր մեկի պատասխանը ճիշտ ասեր ինքը: Ասեր, որ հուշերն անդադար հետապնդում են իրեն, որ անգամ գիշերը հանգիստ քուն չունի: Չէ~...
-Ա~խ, այդ տիկնիկը, հոգուս կեղեւված, արյունոտ վերքը փորփրեց ու բացեց: Հուշերի մի հսկայական կտավ բացեց` տարբեր գույներով ու կերպարներով: Հայրիկս, իմ սիրելի հայրիկը... մտքով ավելի հեռուն թռչելով, մրմնջաց Սուրենը: Միշտ ուզում էր հորը հիշել ուրախ, կենսախինդ տեսքով, ինչպես իրականում նա կար, բայց հոգում մեխվել է ընդմիշտ վերջին պահին տեսածը. թուրքերի ուղեկցությամբ գնում էր հայրը, անորոշությամբ ու տխրությամբ լի հայացքով` ուղղված տան կողմը Այդ նույն ժամանակ իրենք պատուհանից թաքուն հետեւում էին հորը
Սուրենը մտածեց տուն վերադառնալ, բայց տնեցիներին չէր ուզում երեւալ այս տեսքով: Թող իր ցավը միայն ինքը քաշի: Հետո դիմելով իր ետեւից եկող վարորդին, ասաց.
-Մի փոքր քայլել եմ ուզում, իսկ դու պարզապես քշիր իմ ետեւից:
-Ա~խ այդ տիկնիկը... -նորից մրմնջաց նա: Տիկնիկի հետ մեկ այլ հուշ եկավ ու թառեց իր հոգում Վերհիշեց մեծ հորն ու նրա պատմությունից պատառիկներ, այն պատմությունից, որից ինքն արդեն վաղուց գիշեր թե ցերեկ լսում էր:
-Ձագս, Բիթլիսն ուրիշ աշխարհ էր էս մեծ աշխարհի մեջ:Նրա հողի նման հող չկա ոչ մի տեղ: Այնքան քաղցր, որ նրա մեջ աճած մրգի քաղցրությունից շուրթերդ կպչում էին իրար, թվում էր անուշ շաքար ես բերանդ առնում: Ֆրեզնոյի ջուրն ու միրգն էլ պակաս քաղցր չէ, բայց էն համն ու բույրը, որ ուներ Էրգրինը` չես գտնի աշխարհի ոչ մի տեղ:
Հիշիր պատմությունս, ձագս, մի մոռացիր եւ երբ մեծանաս` դու էլ քո ձագուկներին փոխանցիր:
Երբ մեծ հայրը` Հովսեփը, պատմում ու նկարագրում էր Բիթլիսը, իրենք արդեն Ֆրեզնոյում էին, մայրիկից հեռու: Բիթլիսում շատ բան տեսած եւ ապրած Հովսեփի պատմածը ժապավենի նման պտտվում էր փոքրիկ տղայի գլխում:
-Ավելի լավ է, մի տեղ նստեմ. ոտքերիս հոգնություն եկավ,- ինքն իրեն ասաց նա ու իր ետեւից եկող վարորդին ձեռքով ցույց տալով, թե ուր է գնում` մտավ բացօթյա մի սրճարան: Եղանակը հաճելի էր: Շուրջը խաղացող թեթեւ քամին տարուբերում էր նրա ալեխառն ու խիտ մազերը: Սրճարանում շատ մարդ չկար: Երիտասարդ մի զույգ էր, որ քիթ-քթի տված զրուցում էր ու մի կին, իր փոքրիկի հետ: Փոքրիկն ուտում էր, իսկ մայրը` սիրառատ հայացքով նայում էր ու հարցեր տալիս: Երեխան առանց կտրվելու ուտելիքից, թշիկները լցնելով, գլխով պատասխանում էր մորը:
Հիշեց իր մորը` Սաթենիկին
Սուրենը սառույցով վիսկի պատվիրեց ու ձեռքի մեջ պտտելով բաժակը` նայեց փողոցով քայլող անցորդներին:
Նրանցից ամեն մեկն իր պատմությունն ունի: Հետաքրքիր է, նրանց էլ է՞ իրենց անցյալն այսպես պինդ բռնել, ինչպես իրեն իր անցյալը: Նրանցը հավանաբար գունավոր է, որ հեռանալով ավելի է հյութեղ դառնում: Իսկ իրենը սեւ է: Ինչո՞ւ չեմ կարող ետ բերել անցյալում ունեցածս ու սեւի հետ գոնե մի փոքր վառ գույներ խառնել: Լավ, իրենը փոխեց, իսկ մյուսների՞նը, այն հազարավոր երեխաներինը, որոնք ընդհանրապես մանկություն չտեսան:
Իրենք մեծ հայրիկ ու մայրիկ ունեին հեռավոր Ֆրեզնոյում, կարողացան գալ ու ապրել: Լավ կրթություն ստանալ: Դրամ աշխատել եւ մեծերի ստեղծածը կրկնապատկել ու եռապատկել:
-Բիթլիսի վիլայեթը ,-շարունակում էր հիշել մեծ հոր պատմությունը Սուրենը,- գտնվում է Վանա լճից հարավ արեւմուտք: Տավրոսյան լեռնաշղթան վիլայեթը բաժանում էր երկու մասի: Նրա հարավային մասով հոսում էր Տիգրիս գետի մի ճյուղը, իսկ հյուսիսայինով` Եփրատի մի ճյուղը: Աշխարհագրական կազմությամբ այն մի հետաքրքիր պատկեր էր իր հսկա լեռնաշղթաներով, խոր ձորերով եւ միմյանց հաջորդող դաշտավայրերով: Ինքը` քաղաքը, գտնվում էր մի գեղեցիկ ձորի մեջ ու նրա լանջերին: Գարնանն ու աշնանը տեղացած առատ անձրեւներից ու ամռան տաք արեւից, բերի հողում գցած ամենափոքրիկ հատիկն անգամ չէր կորչում, ծլում ու բազմանում էր: Ցորենի արտերն ու մրգառատ այգիները քաղաքի զարդն էին:
-Ձագս, ուզում եմ այս բոլորը լավ հիշես: Թող պատմությունս զուր չանցնի - շարունակում էր պատմությունը մեծ հայրիկը:- Որքա~ն շատ էին մեր քաղաքում եկեղեցիները, գիտե՞ս: Շուկայից մի նեղ ճանապարհ էր բարձրանում դեպի ձախ: Այդ ճանապարհը գնալով լայնանում էր: Դա Յախսըզ փողոցն էր, մեր փողոցը, բավականին երկար մի փողոց: Իսկ թաղը կոչվում էր Էրկիզան` թաղված հարուստ բուսականության մեջ, զարդարված պտղատու ծառերով: Հենց փողոցի վերջում էր գտնվում Կարմրակ Սուրբ Նշան եկեղեցին: Ես ու մեծ մայրիկդ ավելի հաճախ այնտեղ էինք գնում, աղոթում` հոգեկան մխիթարություն ու հանգստություն գտնում: Այդ եկեղեցում ենք ախր մենք պսակվել: Քեզ ու քրոջդ` Արաքսին էլ են ծնողներդ այնտեղ կնքել Չես հիշի, փոքր ես եղել:
-Ոչ, հիշում եմ: Հիշում եմ, ինչպես լողացրեց տեր Վահանը մեզ,- ինքն իրեն խոսեց Սուրենը:
- Իսկ գիտե՞ս, թե ինչպես է մնացել եկեղեցու անունը` Կարմրակ Սուրբ Նշան,-շարունակում էր մեծ հայրը:- Դարեր առաջ է եղել դա: Նոր-նոր պետք է եկեղեցու քարերը դրվեին: Մի առավոտ վարպետները գործի ժամանակ նկատում են եկեղեցու հիմքում մի փոքրիկ, անօգնական, ամբողջությամբ սպիտակ, բայց ճակատին սեւ նշանով գառնուկ: Այդ անմեղ արարածին տեսնելով, վարպետներից մեկը գոռում է.
-Նշանը, նշանը
Ու այդպես էլ մնում է եկեղեցու անունը` Նշան: Իսկ Կարմրակ անունը ստացել է կարմիր սրբատաշ քարերի համար:
Բաղեշը հին է իր գոյությամբ ու պատմությամբ: Նրա շուրջը կարելի էր տեսնել անցյալի բեկորներ` վկաներ, միջնադարյան ճարտարապետության կոթողներ: Մի ինքնակամ փոքրիկ աշխարհ էր, բազում ճանապարհների խաչմերուկ: Ահա այսպիսինն էր մեր Բաղեշը, ձագս
Ինչ-որ մեկն ընդհատեց Սուրենի միտքը: Մատուցողն էր.
-Պարոն, ձեզ էլի վիսկի բերեմ:
-Ոչ,- կտրուկ ասաց Սուրենը: Նեղսրտեց, որ իրեն կտրեցին իր թեկուզ տխուր, բայց հարազատ ու հեռավոր մտքերից: Հետո նայեց ժամացույցին ու ասաց,- տուն գնալուս ժամն է, կանհանգստանան, ուշացա:
-Հայրիկ, ինչո՞ւ ուշացար,- դռների մեջ հորը տեսնելով, անհանգստացած հարցրեց Վաղարշակը,- զանգեցի, հորաքույրն ասաց, որ վաղուց ես դուրս եկել իր տնից: Հավանաբար անհանգիստ է հիմա:
Տղան նման էր հորը, բայց ավելի գեղեցիկ ու առնական: Սեւ աչքունք, կարճ ու խնամքով կտրած մազեր եւ անշուշտ` ճակատին Բաբայաններին հատուկ գիծը: Այժմ նա է կանգնած «Բաբայան գորգ» ընկերության գլուխ:
-Զանգիր հորաքրոջդ եւ ասա, որ արդեն տանն եմ, թող չմտահոգվի ուշանալուս համար,- ասաց Սուրենն ու գնաց դեպի իր աշխատասենյակ, որը հիմա ավելի շատ տղային է ծառայում, քան իրեն: Դուռը ծածկեց ու նստեց բազկաթոռին: Սենյակը մութ էր:
Երբ փոքր էր, վախենում էր ջրից ու մթությունից, բայց հայրիկը սովորեցրեց նրան թե մեկին, թե մյուսին: Հայրը հրաշալի լողորդ էր:
-Մթության մեջ, ոչինչ չկա: Այ, լույսը վառեմ ինքդ կհամոզվես: Տես, նույն իրերն են, նույն պատերն ու առաստաղը եւ վերջապես մենք` ես ու դու,- ծիծաղելով ասում էր հայրն ու գրկում տղային, հետո վառում լույսը, անջատում եւ այդպես մի քանի անգամ, մինչեւ տղան կարողացավ իր միջից հանել այդ զգացումը:
- Իսկ ջուրը փոքրիկս, պետք է սիրել
Հետագայում Հալեպում վախը նորից զգացնել էր տալիս, արթնանում էր սարսափած` ամենափոքրիկ շարժից ու աղմուկից: Գիշերները քնում էր մորն ամուր փարված:
-Հայրիկ, ի՞նչ որ բան է եղել,- սենյակի դուռը բացելով եւ հորը մթության մեջ անշարժ նստած տեսնելով, հարցրեց որդին:
Սուրենի հուշերը նորից ընդհատվեցին
-Չէ, անհանգստանալու բան չկա: Պարզապես մտքերս են խառը: Մի փոքրիկ իր, պարզապես մաշված տիկնիկ այսօր տեսա հորաքրոջդ տանն ու մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ: Վերքս նորից բացվեց - նայելով տղային, տխուր ասաց Սուրենը:- Ի~նչ լավ է, որդիս, որ դու եւ քույրդ հեռու եք իմ ունեցած, հեռուներում թողած աշխարհից:
-Ա~խ հայրիկ, ինչո՞վ օգնեմ քեզ, ի՞նչ վերքի մասին ես խոսում,- հոր տեսքից ինքն էլ տխրեց, հետո առանց լույսը վառելու, նստեց գորգին, ուղիղ հոր ծնկների մոտ: Մթության մեջ հայր ու որդի ավելի մոտ էին:- Ուզում եմ խոսես, պատմես: Դու այնքան քիչ բան ես մեզ պատմել քեզնից: Այնքան քիչ բան գիտենք մեր անցյալից: Պատմիր, պատմելով կթեթեւանաս, իսկ ես կիմանամ այն, ինչ այդպես տանջում է քեզ:
-Միշտ ցանկացել եմ ձեզ հեռու պահել այդ ամենից: Բայց տեսնում եմ, սխալ բան եմ արել: Մարդը պետք է իր պատմությունն իմանա, իր ցեղը ճանաչի: Մեր ընտանիքի պատմությունը քեզ կանեմ, որդիս: Դա կլինի նաեւ քո հայ ցեղի պատմությունն այն սարսափելի ժամանակներում, -ասաց Սուրենը:
Նա լուռ շոյեց որդու մազերը, նայեց նրան ու սկսեց խոսել
***
Բաղեշում շատ հայտնի էր Սուրեն Բաբայանի մեծ հոր` Հովսեփ Գրիգորյանի, փոքրիկ գորգագործարանը: Դա տասնիներորդ դարի վերջն էր: Հովսեփը շարունակում էր իր հոր գործը: Նրա գորգերը շատ լավ վաճառվում էին Բաղեշից դուրս` Հալեպում ու Պարսկաստանում: Գաղտնիքը կարմիր տորոն ներկն էր, որով ներկում էր բրդյա թելերը: Նրանք էին հենց յուրահատուկ գունային խաղեր ստեղծում գործած պատկերների մեջ, էլ ավելի ընդգծում ու բարձրացնում գորգի արժեքը: Ինչպես շատ ու շատ վայրերում ստեղծված գորգեր, այստեղ հյուսված ամեն մի գորգ եւս մի պատմություն էր մարդկանց կյանքի ու կենցաղի մասին:
Իսկ տորոնի ստեղծման գաղնիքը պահվում էր շատ խիստ ու փոխանցվում` թոռից- թոռ: Հովսեփին դեռ մեծ հայրն էր բացել գաղտնիքը` ասելով.
-Մանչս, իմացիր, որտեղ էլ լինես, որ արեւի տակ էլ ապրես, քո մի կտոր հացն է սա: Այս գաղտնիքը եկել է իմ հորից: Դու էլ քո թոռներին կփոխանցես: Միայն մեր ճյուղին, հիշիր
Թոռը հավատարիմ մնաց մեծ հայրիկի խորհրդին:
Ամուսնանալով հարեւանի գեղեցկատես աղջկա` Անթառամի հետ, շատերի նման Միացյալ Նահանգներ տեղափոխվեց նաեւ Հովսեփը: Այդ ժամանակ բազում հայեր էին սկսել գաղթել: Երկրե- երկիր անցնելով, Հովսեփն էլ շատերի նման եկավ ու հանգրվանեց Բիթլիսին իր բնությամբ նման Ֆրեզնոյում: Հայերն այստեղ աճեցնում էին ծիրանի ու նշի ծառեր, նաեւ նռնենի, ձիթենի ու ընկուզենի: Ջուրն էլ շատ նման էր հայրենիքի ջրին: Հովսեփը մեծ երազներով եկավ այդ օտար երկիրը եւ չէր էլ պատկերացնում, որ իր գործն այստեղ` Ֆրեզնոյում, կարող է կանգ առնել: Զբաղվեց միայն թելեր ներկելով եւ վաճառելով, հույսով, որ կգա ժամանակ եւ ինքն այստեղ եւս կշարունակի իր գործը:
Երբ ծնվեց Հովսեփի եւ Անթառամի դուստրը` Սաթենիկը, նրանց ուրախությանը չափ չկար: Հովսեփն իհարկե տղա էր ուզում ունենալ, սակայն նորածին փոքրիկին առաջին անգամ տեսնելով սիրելի կնոջ գրկում` մեղա-մեղա Աստված` ասաց:
-Մանչ էի երազում, որ իմ ծուխը ծխա, որ իմ գործը հիշվի, որ իմ անունը մնա Բայց Աստված այսպես կամեցավ,- ավելացրեց Հովսեփն ու լռեց:
Դա հազար ութ հարյուր իննսունչորս թիվն էր:
Սաթենիկին, որն իր գեղեցկությամբ մորն էր նման, տասնհինգ տարեկանում ամուսնացրին Ֆրեզնոյում ապրող երիտասարդ բաղեշցի Վաղարշատ Բաբայանի հետ, որին փոքր տարիքում Ֆրեզնո էր բերել մորեղբայրը: Տղան սիրահարվեց սեւաչյա, բարակիրան աղջկան: Աղջիկն էլ սիրեց տղային եւ իր նորաստեղծ ընտանիք բերեց մորից ժառանգած ու սովորած գեղեցիկ շնորհները: Լավ ու համեղ ձեռք ուներ Սաթենիկը, ինչը միշտ գովում էր համեղ ուտեստների սիրահար ամուսինը.
-Սիրում եմ քո եփած, համն ու հոտը միշտ տեղը ճաշերը:
Ֆրեզնոյում բաղեշցի հայերն իրենց փոքրիկ Բաղեշն ունեին: Նրանք այստեղ բերեցին իրենց սովորույթները, վարք ու բարքը, կենցաղը, մի խոսքով հայրենիքի ոգին: Բաղեշի խոհանոցը շատ հարուստ էր: Հիմնականում ձավարով ու ոչխարի մսով բազմատեսակ ճաշերն էին: Սիրում էին նաեւ թանի մեջ եփած բրինձը, որը մատուցում էին նախօրոք կարմիր բիբարով կարմրեցրած յուղով:
Կանայք թխում էին Բաղեշի հայտնի փախլավան, որն անպայման պետք է ունենար 30-40 շերտ: Այն այնքան աշխատատար գործ էր, որ միանգամից մի քանի կանայք էին զբաղվում` բացում ու փռում խմորի` թղթի նման նուրբ, բարակ շերտերը, իսկ արանքներում ծեծած ընկույզն ու դարչինն էր: Թխելուց հետո վրան լցնում են տաք մեղր: Ու ի~նչ համ, ի~նչ բույր էր ունենում բերանի մեջ հալվող խմորեղենը: Փախլավա թխելը դառնում էր տոն բոլորի համար:
Ամեն տան խոհանոցում իշխում էին էրգրի ճաշերը:
Քանի որ կլիման ու հողը շատ բարենպաստ էին մրգատու ծառերի համար, ապա հայերը գցեցին այգիներ: Հասնում էր տանձն ու թուզը, խաղողն ու նուռը:
Հայրենակիցները հաճախ էին հավաքվում մի գավաթ սուրճի շուրջ իրենցից որեւէ մեկի տանն ու բացում զրույցի մեծ կծիկը: Իսկ նրան վերջ չկար, այն գլորվում էր ու գլորվում Շատ հարցերում միատեղ էին մարդիկ. հուշերի մեջ հայրենիքն էր, Բիթլիսն ու իրենց տունը, խեղդող կարոտը
Երիտասարդ Վաղարշակը, որն ամեն ինչ ուներ այդ երկրում լավ ու գեղեցիկ կյանքի համար, եկավ մի պահ, որ այլեւս չցանկացավ ապրել Ֆրեզնոյում: Սկսել էր հաճախ հիշել հայրենի տունը, կորցրած ծնողներին: Նա Բաղեշում ոչ ոք չուներ: Թերեւս միայն հեռավոր բարեկամներ, որոնք երեւի չէին էլ հիշում իրեն: Ու չնայած դրան, Վաղարշակը երազում էր տուն վերադառնալ:
-Դժվար կլինի այնտեղ նոր կյանք սկսելը, բայց միեւնույն է չեմ ուզում այլեւս մնալ այստեղ: Սա իմը չէ, օտար է, ուրեմն նաեւ մեր երեխաներինը լինել չի կարող: Հայրենիքի հողի վրա քայլենք, նրա հացն ուտենք ու ջուրը խմենք: Այդ դեպքում միայն մեր իսկական ուժը կառնենք,- կրկնում էր նա հաճախ կնոջը` Սաթենիկին: Կինը համամիտ էր ամուսնուն` որտեղ քո ցանկությունը, այնտեղ էլ` իմը:
Սակայն կնոջ ծնողները կտրականապես դեմ էին նրանց որոշմանը.
-Ինչո՞ւ եք ուզում թողնել ու գնալ: Դու այնտեղ ոչ ոք չունես. մենակ եք լինելու: Մի մոռացիր, որ օտարացած է լինելու քեզ միջավայրը, քաղաքը: Իսկ աղջկաս համար` առավել եւս, -ասում էր Հովսեփը:
-Այո, մոտ հարազատներ չունեմ: Նրանց մի մասը զոհվեց Սուլթան Համիդի կոտորածների ժամանակ, մյուս մասը` գաղթեց: Շատ քչերը կան հիմա այնտեղ: Բայց դեռեւս կլինեն ծանոթներ, ընկերներ, տասերկու տարեկան էի, երբ հեռացանք Բաղեշից: Մեկ է, ուզում եմ գնալ, հողն էլ հո օտար չէ՞,- համոզված ասում էր փեսան, հետո ավելացնում,- այժմ Թուրքիան Սահմանադրական երկիր է: Հին կարգերը փոխվում են կամաց-կամաց: Բոլոր ժողովուրդներն էլ հավասար են, անկախ կրոնից ու ազգից: Ես ուզում եմ երեխաներս այնտեղ մեծանան: Այս ամենը, որ շրջապատում է մեզ այստեղ, միշտ էլ օտար է եղել ինձ եւ ես չեմ ուզում այս օտար ափերում մեծանան իմ փոքրիկները:
Այդ ժամանակ նա արդեն երջանիկ հայր էր. հազար ինը հարյուր տաս թվին ծնվեց նրա եւ Սաթենիկի անդրանիկ որդին` Սուրենը: Իսկ երկու տարի անց` Արաքսը:
Հովսեփը, որն ամբողջ կյանքում տղա էր երազել, փոքրիկ Սուրենի ծնվելն Աստծո պարգեւ համարեց:Նա աշխարհի ամենաերջանիկ մեծ հայրիկն էր.
-Ինձ` էլ մեռնել չկա:
Նա շարունակում էր իր գործը` թելեր ներկելը, գաղտնիքը պահելով ու ոչ մեկին չբացելով: Բայց տեսնելով, որ աղջկա ու փեսայի հայրենիք մեկնելն անխուսափելի է եւ ոչինչ չի կարող արգելք լինել նրանց, նա փոխանցեց Վաղարշակին այն` ինչ պահում էր միայն թոռան համար, ասելով հետեւյալը.
-Որդիս, Վաղարշակ, ինչպես տեսնում եմ, չեմ կարող համոզել, որ ետ կանգնես քո որոշումից: Մնում է համաձայնվել քեզ հետ, բարին մաղթել ու բացել այն գաղտնիքը, որը մեր ընտանիքում թոռից-թոռ է անցնում: Սուրենս փոքր է, նրան իմ ասածները հասու չեն կարող լինել: Ուրեմն ասելիքս քոնն է հիմա: Ես որդի չունեցա, դու դարձար ինձ եւ որդի, եւ փեսա: Սակայն խոստացիր, որ երբ գա ժամանակը, դու այն կսովորցնես որդուդ` իմ փոքրիկ Սուրենին: Իսկ այժմ քո առաջ կբացեմ տորոնի` կարմիր ներկի գաղտնիքը: Դու ինքդ ես տեսնում, թե ինչպես է բարձրանում գորգի գինն այդ գույների շնորհիվ: Հույսով եմ, այդ գործը միշտ շահութաբեր կլինի քեզ: Այսուհետ գաղտնիքը քոնն է:
-Շնորհակալ եմ հայրիկ, որ ինձ եք վստահում ձեր ընտանիքի պահածն ու շահածը: Ես կանեմ այնպես, ինչպես դուք եք ցանկանում,- զգացված աներոջ խոսքերից, ասում է Վաղարշակը:
-Ափսոսում եմ մի բանի համար, որ ինքս չեմ կարող ձագուկիս սովորեցնել: Ինքս կբացեի այդ հետաքրքիր աշխարհի բազում դռները նրա համար: Ավա~ղ, շատ փոքր է
Հովսեփը մտածում էր, որ ինքն արդեն մեծ է, որ էլ երբեք չի տեսնի թոռներին, աղջկան ու փեսային: Ու նրա գլխում անընդհատ, իրար հերթ չտալով, բազում տխուր ու խառը մտքեր էին պտտվում ու խաչաձեւվում...
-Ախր ինչո՞ւ են այս հանգիստ կյանքը թողնում ու գնում,- ասում էր նա կնոջը` Անթառամին:
-Ա~խ, ի՞նչ իմանամ: Առանց նրանց ո՞նց ենք ապրելու,-ամուսնու խոսքին ավելանում էր կնոջ արտասվաթոր խոսքն ու անհանգստությունը:
***
Փոքրիկ Սուրենի ու Արաքսիի հետ Վաղարշակն ու Սաթենիկը հազար ինը հարյուր տասերեքին եկան Բաղեշ: Շատ տպավորիչ էր նրանց մուտքը Հայրենիք: Վաղարշակը հուզվեց, չոքեց ու համբուրեց հողը, քսեց աչքերին: Սաթենիկը, որ ծնվել էր օտար ափերում, հետեւելով ամուսնուն` կրկնեց այն, ինչ արեց Վաղարշակը:
-Սա է մեր հողն ու տունը, այստեղ ենք ապրելու: Մենք էլ երբեք ոչ մի տեղ չենք մեկնի,- նայելով կնոջը, քնքուշ ժպիտով ասաց նա:
Ֆրեզնոյում իր ապրած, աշխատած տարիների գումարը բերելով Բաղեշ, Վաղարշակը մի փոքրիկ գորգագործարան հիմնեց ու սկսեց աշխատել: Սկիզբը դժվար էր, բայց օգտագործելով տորոնի գաղտնիքը, շատ կարճ ժամանակում գործը բավականին թափ ստացավ: Գորգերը քիչ էին արտադրվում, բայց լավ էին վաճառվում:
Վաղարշակը բոլոր առումներով երջանիկ մարդ էր իրեն համարում. լավ ընտանիք, հայրենիքում հաջողված գործ: Էլ ի՞նչ է պետք իրեն:
Երիտասարդ ամուսինները հյուր էին գնում իրենց հեռավոր բարեկամներին, հյուր ընդունում: Խնջույքների ժամանակ իրենց երգով, պարով ու հումորով հիացնում էին բոլորին: Նրանց մասին սկսեցին խոսել Եղան նաեւ մարդիկ, որոնք Վաղարշակին ու նրա գեղեցիկ, օտար ափերում ծնված, մեծացած կնոջն անտարբեր ընդունեցին:
-Դո՞ւ նրա հագած շորերը տեսար:
-Բա՞ խոսելը:
-Բայց արի տես` ասում են լավ ճաշեր է եփում, հյուրասեր է:
-Չեմ հավատում, գոռոզի մեկն է,-այս եւ նմանատիպ շատ ասեկոսներ սկսեցին պտտվել Սաթենիկի շուրջը:
-Ինչո՞ւ են մեր հանդեպ այսքան սառը,- հարցնում էր Սաթենիկն ամուսնուն:
-Մենք շատ հեռու ենք եղել նրանցից: Նրանք մեզ չեն ճանաչում,- պատճառաբանում էր Վաղարշակը,- մի նեղվի, այդ ամենը ժամանակավոր է:
«Այո, ժամանակավոր է այդ սառնությունը: Կարեւորը, որ հայրենիքում ենք». -ինքն իրեն կրկնում էր Վաղարշակը:
Եթե Վաղարշակը հայկական կենցաղից շատ բաներ դեռ հիշում էր, ապա Սաթենիկի համար շատ դժվար էր հին, ավանդություններ ունեցող երկրում ամեն ինչ զրոյից սկսելը: Ամուսինը չէր վհատվում: Նա ամեն կերպ սատար էր լինում կնոջը, բացատրում, հուշում շատ ու շատ հարցեր:
-Նեղվել երբեք պետք չէ: Շուտով ամեն ինչ սովորական կդառնա նաեւ քեզ համար,- սիրալիր ասում էր նա: Սաթենիկին այդ խոսքերը հավատ էին ներշնչում:
-Հուսով եմ, որ իրոք այդպես էլ կլինի,-սիրտը լցված դեպի իր դրկից հարեւան-բարեկամները, ասում էր նա:
Եվ կամաց-կամաց սկսեց դառնալ: Չէ որ վերջիվերջո այն երկրում են, որը նաեւ իրենցն է:
Վաղարշակը ժամանակի հետ տեսնում էր իր գործի հաջողությունը, ուրախանում դրանով: Այդ ուրախությանը գումարվեց մանկության ընկերոջ` Մամիկոնի հետ փողոցում պատահական հանդիպումը:
-Ես քեզ հաճախ էի հիշում, սակայն թվում էր, մենք էլ երբեք չենք հանդիպի,- ջերմ գրկախառնվելուց հետո, ընկերոջը ոտից գլուխ չափելով, ասաց Մամիկոնը` բարձրահասակ, գանգուր մազերով, բեղ մորուքով մարդը:
-Իսկ ես վստահ եմ եղել, որ վաղ, թե ուշ մենք մի օր կհանդիպենք: Հոգուս մի անկյունում նստած էր այդ հավատը,- անչափ ուրախացած, ավելացրեց Վաղարշակը:
-Դե ուրեմն կեցցե~ քո հավատը,- գոչեց Մամիկոնը: Հին ընկերները նորից գրկախառնվեցին: Նրանք սկսեցին խոսել, պատմել իրենց մասին: Մամիկոնը մի շաբաթ առաջ էր եկել Պոլսից: Նա եւս որոշել էր մնալ հայրենի քաղաքում: Մամիկոնը բժիշկ էր:
Բաղեշում կային կանանց եւ տղամարդկանց բաղնիքներ: Քաղաքի խոսք ու զրույցը, իհարկե նաեւ ասեկոսը` այստեղ էր: Կանանց համար բաղնիքները միակ ազատ վայրն էր տղամարդու աչքից հեռու, տղամարդուց անկախ:
Իսկ տղամարդկանց համար բաղնիքները սրճարանների շարունակությունը լինեին ասես, նաեւ ընկեր -բարեկամների հավաքատեղի: Զրուցում էին կյանքից, քննարկում ընկերական, գործնական, ընտանեկան բազում հարցեր:
Այստեղ էին սիրում լինել նաեւ Վաղարշակ Բաբայանն ու իր ընկեր Մամիկոնը: Այստեղ էլ Մամիկոնն ընկերոջը ծանոթացրեց Օսմանյան բանակի սպա` ծնունդով հալեպցի, բժիշկ Մուստաֆայի հետ: Մամիկոնը Մուստաֆային գիտեր դեռ Պոլսում ուսանելու տարիներից: Նրանք ուսանողական ընկերներ էին:
-Վաղարշակ, ուզում եմ քեզ ծանոթացնել իմ լավ ըներոջ հետ: Իսկ քեզ Մուստաֆա, հավաստիացնում եմ, որ իմ ընկեր Վաղարշակը հրաշալի բարեկամ կլինի քեզ, երբ դուք մտերմանաք: Վաղարշակ, Մուստաֆան նաեւ հրաշալի բժիշկ է, ի տարբերություն ինձ, նա շարունակեց ուսումը Լիոնում եւ խորացավ ականբուժության մեջ,- դիմելով ընկերներին, միմյանց ներկայացրեց Մամիկոնը: Կարճ ժամանակում փոխադարձ հարգանք ու վստահություն ստեղծվեց այդ երկու տղամարդկանց միջեւ. շուտով լավ ընկերներ դարձան:
Մուստաֆան հաճախ էր հյուր լինում Բաբայանների օջախում:
***
Եկավ հազար ինը հարյուր տասնչորս թվի վերջը
Ամեն ինչ կարծես հանգիստ էր Կարծես:
Վաղարշակը շարունակում էր գործը, բայց արդյո՞ք գործը կար: Վերջին ամիսներին առեւտուր չկար, գորգերը չէին վաճառվում: Ոչ մեկին կենցաղը գեղեցկացնելու հարցը չէր հուզում. երկրում տիրում էր համընդհանուր լարվածություն: Դրսում պատերազմ էր: Սկսվել էր զորահավաքը:
Իսկ երկրի ներսում շատ տխուր, երբեմն էլ հակասական լուրեր էին պտտվում` անգամ այն, որ տեղահան են անում հայերին Օրեցօր լուրերն ավելի սարսափելի էին դառնում:
Մի օր փողոցում Վաղարշակն ու Մուստաֆան հանդիպեցին ու զրուցելով սկսեցին քայլել դեպի շուկա: Շրջապատի եռուզեռն ու աշխուժությունը կոտրված էր: Շատ խանութներ, արհեստանոցներ փակ էին: Ասես թանձր մառախուղ էր կախվել շրջապատի վրա:
- Մեր գլխավերեւում սեւ ամպեր են կուտակվում Ի՞նչ է կատարվում երկրում, չեմ հասկանում: Պարզվում է, որ Երիտթուրքերը մեզ պարզապես մոլորեցրին իրենց սին խոստումներով` եղբայրության եւ հավասարության կոչերով: Թուրք մամուլում կարդացի Օսմանյան կառավարության իբր «բարյացակամ» վերաբերմունքի եւ հայերի «անշնորհակալության» մասին,- խիստ մտահոգված անհավատալի, սարսափելի լուրերից, ասաց Վաղարշակը Մուստաֆային:
Վաղուց էր նրանց մեջ հասունացել այս զրույցը, բայց խուսափում էին, ասես դրանով փորձում պահպանել իրար: Չէին շոշափում, գիտեին` ծակող ու սաստիկ ցավ պատճառող էր զրույցը միմյանց համար լինելու: Սակայն միեւնույնն է, դա անխուսափելի էր ազգությամբ տարբեր, բայց հավատարիմ ընկերների միջեւ:
Մուստաֆան այդ ժամանակ Բաղեշի զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր եւ ամեն ինչ շատ ավելի լավ էր տեսնում ու հասկանում: Հիվանդանոց էին ներսուդուրս անում բարձրաստիճան թուրքական զինվորականներ եւ նա զգում էր, որ շատ լուրջ է վիճակը: Իր մտերիմ սպաներից մեկին ավելի հարցուփորձ անելով, իմացավ, որ այլ քաղաքներից ու գյուղերից տեղահան են արել բազում հայերի, իբր զուտ տեղափոխության համար, բայց կես ճանապարհին կոտորել են նրանց:
-Ինքս եմ տեսել, ինչպես շեղեցին ճանապարհից, շարեցին մի կիսաքանդ տան պատի տակ ծեր ու մանուկ եւ կրակահերթ բացեցին նրանց վրա,- հայտնել էր սպան:
-Բայց ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով,- զարմացած հարցրել էր բժիշկը:
-Ինձ մի հարցրու -խուսափելով պատասխանից, ասել էր սպան: Ու այժմ Մուստաֆան չգիտեր ի՞նչ ասեր ընկերոջը: Պատմե՞ր նրան լսածը, թե խնայեր իր բարեկամին` լարված ջղերն էլ ավելի չլարելու համար: Մուստաֆան լռեց, ընկերը` շարունակեց.
-Ուրեմն սո՞ւտ էր ամեն ինչ: Իսկ մենք հավատացինք Աղետալի ճշմարտություն է այն, որ թուրքերի հետ հարաբերություններն ավելի են վատթարանալու: Թուրք մամուլը ի՞նչ է գրել, տեսե՞լ ես: Նրանք օրեցօր ավելի հարձակողական դիրք են գրավում մեր` հայերիս դեմ: Իբր ռուսներին ենք միացել, իրենց թիկունքից խփել ենք ուզում: Սրանք բոլորը պատճառներ են մեր դեմ ելնելու, իրենց ուզածն անելու համար: Միայն Աստված գիտե, թե ինչեր ունեն իրենց մեջ պահած, ինչ ծրագրեր` վաղօրոք մշակած:
-Սպասիր, քեզ այդպես մի տանջիր,- չիմանալով ինչ ասել ընկերոջը, փորձեց հանգստացնել Մուստաֆան: Նա երբեք չէր տեսել Վաղարշակին այդպես բորբոքված: Կենսուրախ ու լավատես հայը, կարճ ժամանակում փոխվել էր, դարձել նյարդային, դարձել բոց:- Մի՞գուցե նրանք` հայերն ու թուրքերը, դեռ կգան ճշմարիտ երկխոսության: Չէ՞ որ զգացվում է, թե որքան լարված է պահը,- ասաց ու ինքն էլ չհավատաց իր խոսքերին:
-Է~հ Մուստաֆա, ի՞նչ երկխոսություն, էն էլ ճշմարի՞տ Գավառներից նոր ջարդերի հոտ է գալիս Ես համոզված եմ, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի Հիմա երեխաներիս մասին եմ մտածում: Ի՞նչ կլինի նրանց հետ Արդյո՞ք այս արհավիրքի միջից կկարողանա