Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ


Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ

  • 27-06-2022 16:00:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել մեկնաբանություններով և կրկին խոսել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի և այդ հարցում Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին:
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
 
«Կասպից ծովով բեռնափոխադրումները մեծ նշանակություն ունեն։ Մենք պատրաստ ենք շարունակել քայլեր ձեռնարկել այս միջանցքի նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ներդրումների աճը կբարելավի ողջ տարածաշրջանի բարեկեցության մակարդակը»,- ասել է Չավուշօղլուն:
 
Նրա խոսքով, այս հարցում Անկարայի կոնկրետ նախաձեռնությունները ներկայացվել են Բաքվում եռակողմ հանդիպման մասնակիցների ուշադրությանը։
 
Թուրք նախարարի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների ֆոնին առանձնահատուկ նշանակություն ունի Բաքվի, Անկարայի և Նուր-Սուլթանի համագործակցությունը։
 
«Ճգնաժամերն ու մարտահրավերները, իհարկե, կապված են նաև հնարավորությունների հետ, որոնք մեր երկրները կարող են և պետք է օգտագործեն»,- նշել է նա։
 
Որպես օրինակ՝ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել սեւծովյան տարածաշրջանում հացահատիկի ճգնաժամի վրա։ «Անկարան սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- հայտարարել է թուրք նախարարը։
 
Չավուշօղլուն նշել է, որ ճգնաժամը (Ուկրաինայի շուրջ) ցույց տվեց անվտանգ և կայուն տրանսպորտային միջանցքների կարևորությունը և շեշտել, որ  շատ կարևոր է ներդրումներ կատարել ինչպես ներքին ենթակառուցվածքներում, այնպես էլ տարածաշրջանում հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
 
Նրա խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Անդրանատոլիական գազատարի (TANAP) էներգետիկ նախագծերը տրանսպորտի և էներգետիկայի բնագավառում հաջողված տարածաշրջանային համագործակցության վառ վկայություններ են։
 
Թուրք նախարարը խոսել է հենց Թուրքիայում մեգանախագծերի մասին։
 
Նրա խոսքով, Անկարան նաև պաշտպանում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի մնացած տարածքների հետ կապող Զանգեզուրի միջանցքի բացման գաղափարը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play