Ինչ էլ կրթության ոլորտի բարեփոխումների անվան տակ արվում է, հակառակ արդյունքն է տալիս. փորձագետ


Ինչ էլ կրթության ոլորտի բարեփոխումների անվան տակ արվում է, հակառակ արդյունքն է տալիս. փորձագետ

  • 27-06-2022 20:49:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանն ավանդաբար, դեռևս խորհրդային ժամանակներից սկսած, ունեցել է կրթության բարձր մակարդակ, սակայն այժմ կրթության որակն այնքան է ընկել, որ անգրագիտության մակարդակն էապես մեծացել է։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ կառավարությունում գիտակցում են սա և այս ուղղությամբ որևէ նախաձեռնություն ցուցաբերելու կարևորությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ կրթության ոլորտի բարեփոխումը կառավարության բացարձակ առաջնահերթություններից է։
 
«Սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչ էլ կրթության ոլորտի բարեփոխումների անվան տակ արվում է, էական արդյունք չի տալիս. հակառակը՝ կրթության ոլորտն ավելի քաոսային է դարձնում, ամեն ինչ խառնվում է իրար, որովհետև դրանք դրվագային փոփոխություններ են։
 
Եթե ոլորտում  խնդիր է առաջանում, կառվարությունը և ԿԳՄՍՆ-ն դրվագային անդրադարձ են կատարում դրա լուծմանը՝ չմտածելով, որ անհրաժեշտ է ընդանուր խորապատկերը պատկերացնել և այդ խորապատկերում իսկապես ռազմավարական փոփոխություններ կատարել»,- ասաց մեր զրուցակիցը։
 
Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ չկա կրթության ընդհանուր հայեցակարգ, տեսլական, թե ինչպիսին պետք է լինի կրթության բնագավառը։
 
«Ցավոք, ընդհանուր պատկերացում չկա։ Մյուս կողմից կրթության ոլորտի իրական զարգացմանը խանգարում է համապատասխան որոշումներ կայացնող մարմիններում գիտակ կադրերի բացակայությունը։
 
Սա լուրջ խնդիր է, որովհետև մարդիկ կարող են կրթության բնագավառում որևէ փորձ չունենալ, սակայն պատասխանատու գործընթացներում ընդգրկվել, որոշումների ընդունմանը մասնակցել, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնից հեռանալ, և փոխարինման եկած նոր մասնագետներն իրենց հերթին նոր որոշումներ կայացնեն։
 
Այս ամենից կրթության ոլորտը շատ է տուժում, և հասկանալի է դառնում, որ ավելի լավ է անարդյունավետ փոփոխություններ չլինեն, կայունություն տիրի։ Այդ ժամանակ գոնե ոլորտը ստաբիլ վիճակում կմնա»,- նշեց ոլորտի փորձագետը։
 
Ատոմ Մխիթարյանն ընդգծեց, որ կրթության բնագավառի չլուծված խնդիրների մասին շարունակաբար լսում է ուսուցիչներից և դասախոսներից։ Ընդ որում, դժգոհությունները վերաբերում են ամենատարբեր ոլորտների՝ սկսած ուսուցիչների ատեստավորման՝ շատ քննարկված  գործընթացից։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play