Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ


Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

  • 28-06-2022 09:51:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
 
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների եղբայրական բնույթն ու միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը։ 
 
Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հունասատանի միջև քաղաքական երկխոսության ինտենսիվության և արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու առկա փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել մի շարք ռազմավարական ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
 
Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ռազմական, մշակութային, գիտության, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ՝ ուրվագծելով այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Հատկապես կարևորվել է տնտեսության և նորարարությունների ոլորտներում համագործակցության խորացման, փոխադարձ ներդրումների խթանման և գործարար շրջանակների շփումների ակտիվացման ուղղությամբ նպատակամղված աշխատանքների իրականացումը։
 
Անդրադառնալով Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձևաչափին՝ ԱԳ նախարարները համոզմունք են հայտնել, որ այդ ձևաչափում շփումների շարունակականությունը և համատեղ ծրագրերի իրականացումը լավագույնս կծառայի գործընկեր երկրների կենսական շահերի ապահովմանը։ 
 
Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների հարցում համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես` «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Արձանագրվել է գործընթացը վերջնակետին հասցնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու քաղաքական կամքը:
 
Զրուցակիցները քննարկել են միջազգային բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։
 
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող մի շարք հարցերի։ 
 
Հայկական կողմը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հունական կողմի աջակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հետևողական ջանքերը՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
 
Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, և բարձր գնահատել Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
 
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության տրամադրման համար։
 
ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությունն ու գործողությունները՝ ընդգծելով նաև այն փաստը, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։ 
 
Կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել  իրականացման հրատապությունը։
 
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
 
Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:
 
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play