Դուստրերը հորը 44-օրյա պատերազմում անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից ստացել են 11 մլն դրամ. ՊՆ


Դուստրերը հորը 44-օրյա պատերազմում անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից ստացել են 11 մլն դրամ. ՊՆ

  • 08-07-2022 19:44:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Դուստրերը հորը 44-օրյա պատերազմի պատճառով անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից ստացել են 11 մլն դրամ, սակայն Ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել, հայտնում է Հայասանի Պաշտպանության նախարարությունը:
 
Ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 12-ին քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:
 
2021-ի հուլիսի 30-ին, ըստ հաղորդագրության, Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Խ.Ա.-ին անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի: Նույն տարվա նոյեմբերի նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դստրերը, և յուրաքանչյուրին վճարվել է 5 միլիոն դրամ, որպես միանվագ գումար և 500 հազար դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11 միլիոն դրամ:
 
Պաշտպանութւյան նախարարությունը հայտնում է, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019-ի հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել:
 
«Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ /խարդախություն/ և 550-րդ /զինվորական պաշտոնեական անփութություն/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար», - նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
 
Պատերազմի ավարտից մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ են 183 զինծառայողներ ու Արցախի բնակավայրերում ապրող 20 խաղաղ բնակիչներ: 203 հոգի մինչև այժմ անհետ կորած է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play