Վահագն Վերմիշյանին տեղափոխել են հիվանդանոց. դատարանի դահլիճում նրա ինքնազգացողությունը վատացել է
25-07-2022 20:29:31 | Հայաստան | Իրավունք
«Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վահագն Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ»:
Ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ այս մասին հայտնել է վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ավելի վաղ դատարանի նիստերի դահլիճում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, նիստն ընդմիջվել էր։
Խնդիրը, ինչպես հայտնում է պաշտպանը, կապված է գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ:
Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: