Վաղը զոնդավորելու են Մամիկոն Ասլանյանի սիրտը, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք խափանման միջոցը վերանայելու պահանջով. փաստաբան
27-07-2022 18:03:20 | Հայաստան | Իրավունք
Ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։
Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։
Հետազոտությունների փաստաթղթսվորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։