Մասնակի զորահավաքում ընդգրկված են կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ


Մասնակի զորահավաքում ընդգրկված են կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ

  • 05-08-2022 18:36:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը 
 
Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ նպատակահարմար ենք գտնում հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ:
 
Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:
 
Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել: Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ:
 
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հրամանագրով 2022-ի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել էր մասնակի զորահավաք:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play