ԱՄՆ-ը հրապարակում է Հայաստանի վերաբերյալ իր ռազմավարությունը, որն ակնհայտորեն հիմնված է Ամերիկայի շահերի վրա


ԱՄՆ-ը հրապարակում է Հայաստանի վերաբերյալ իր ռազմավարությունը, որն ակնհայտորեն հիմնված է Ամերիկայի շահերի վրա

  • 09-08-2022 13:46:29   | Հայաստան  |  Քաղաքական

 
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ նկարագրված է ԱՄՆ կառավարության ռազմավարությունը 175 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առաջիկա չորս տարիների ընթացքում։ Հայաստանի վերաբերյալ16 էջանոց բաժինը թվագրված է 2022 թվականի մայիսի 4-ով։ Փաստաթուղթը վերնագրված է «Ինտեգրված երկրի ռազմավարություն»:
 
Այդ Ռազմավարությունը նպատակներ և խնդիրներ է սահմանում Պետքարտուղարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանում ծրագրավորող ԱՄՆ պետական այլ մարմինների միջև համակարգված և համատեղ պլանավորման ջանքերի միջոցով: Փաստաթղթում նշվում է, որ հիմնական նպատակը ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունն է։ Այն հստակ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների կառավարության նպատակն է նվազագույնի հասցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում՝ միաժամանակ առավելագույնի հասցնելով ԱՄՆ-ի շահերը։ Սա զարմանալի չէ, քանի որ բոլոր երկրները ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունն աշխարհում։ Հաշվի առնելով ուկրաինական պատերազմում Ռուսաստանն ընդդեմ Արևմուտքի առճակատումը, ԱՄՆ-ի հակադրությունը Ռուսաստանի նկատմամբ բազմապատիկ աճ է գրանցել: Դա հաստատվում է փաստաթղթի իսկ հայտարարությամբ. «ԱՄՆ-ի դերն ավելի կարևոր է դարձել, քանի որ տարածաշրջանային լարվածությունը մեծանում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո»:
 
Բացի իր հակառուսական հեռանկարից, Միացյալ Նահանգները Հայաստանին ներքաշում է Չինաստանի և Իրանի հետ իր թշնամանքի մեջ՝ հետագա միջամտությամբ  Հայաստանի արտաքին հարաբերություններին։Փաստաթղթում ասվում է․ «Ուժեղացնել գործընկերների և դաշնակիցների կարողությունը՝ դիմակայելու և հակազդելու ազդեցության գործողություններին և ապատեղեկատվությանը, մասնավորապես Ռուսաստանից և ՉԺՀ-ից [Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն]. հակազդել Ռուսաստանի, ՉԺՀ-ի, Իրանի և այլ պետությունների պետական և ոչ պետական դերակատարների ռազմավարական, սովորական և հիբրիդային սպառնալիքներին, ինչպես նաև զարգացող խանգարող տեխնոլոգիաներին, որոնք սպառնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգությանը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս»:
 
ԱՄՆ փաստաթղթում նաև նսեմացվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ դրա մյուս անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կարող է սահմանափակել առևտուրը ԵԱՏՄ անդամ չհանդիսացողների հետ, քանի որ այն համապատասխանում է ԵԱՏՄ վատ ծրագրված կամ իրականացված չափանիշներին կամ ներկայացնում է անհասկանալի փաստաթղթային պահանջներ»։ Ամերիկյան փաստաթղթում թաքցվում է այն փաստը, որ Հայաստանը 2021 թվականի մարտի 1-ին ստորագրել է «Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA)»՝ եվրոպական երկրների հետ առևտրային և այլ հարաբերությունները բարելավելու նպատակով։
 
Նմանապես, ԱՄՆ փաստաթղթում նսեմացվում է Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական դաշինքին, քանի որ դրա մյուս անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
 
Փաստաթղթի առաջին պարբերությունում ասվում է. ԱՄՆ-ի նպատակն է «առաջ մղել ամերիկյան շահերը՝ օգնելով Հայաստանին հաջողության հասնել որպես անվտանգ, բարգավաճ և ժողովրդավարական երկիր, խաղաղության մեջ լինելով իր հարևանների հետ և ավելի սերտորեն ինտեգրվել եվրատլանտյան հանրությանը»: Փաստաթղթում նաև ասվում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմում Հայաստանի կրած պարտությունը և նրա սահմանի երկայնքով շարունակվող լարվածությունը «կարևորում են ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի դերը և դիվանագիտական այլ ջանքերը՝ բարելավելու Հայաստանի կապերն իր հարևանների հետ»։ Սա ապակողմնորոշիչ հայտարարություն է, քանի որ Մինսկի խումբն այլևս գոյություն ունի միայն թղթի վրա, քանի որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, չի ընդունում դրա կենսունակությունը, իսկ Ադրբեջանը լիովին մերժում է նրա միջնորդական ջանքերը։ Միացյալ Նահանգները պարզապես օգտագործում է չգործող Մինսկի խումբը որպես գործիք՝ հակազդելու Ռուսաստանի միակողմանի գործողություններին արցախյան հակամարտությունում։ Երկրորդ պատրվակը, որ Միացյալ Նահանգները միջամտել է Հայաստանի ներքին որոշումներին, հետևյալն է՝«օգնել Հայաստանին կարգավորել հարաբերություններն իր հարևանների հետ», նկատի ունենալով Ադրբեջանին և Թուրքիային, բայց ոչ Իրանին: Այս պահին Հայաստանի հարաբերությունները շատ ավելի կարևոր են աջակցող Իրանի, քան թշնամական Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
 
Որևէ թյուրիմացությունից խուսափելու համար նշեմ, որ ես նույնքան դեմ եմ Ռուսաստանի անտեղի ազդեցությանը Հայաստանի ներքին գործերին․ այն չպետք է լինի որևէ երկրի ազդեցության տակ և պետք է կարողանա կառավարել իր արտաքին հարաբերությունները՝ առավելագույնի հասցնելու սեփական ազգային շահերը։ Հայաստանին անհրաժեշտ է բազմակողմանի արտաքին քաղաքականություն, բարեկամական հարաբերությունների զարգացում աշխարհի շատ երկրների հետ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի (արաբական երկրներ, Իրան և Իսրայել), Ասիայի (Չինաստան և Հնդկաստան), Աֆրիկայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Ռուսաստանի հետ։ Միայն մեկ ուժի վրա հույս դնելը, անկախ նրանից, թե որ ուժի վրա, կարող է հանգեցնել միայն հիասթափության և անտեղի ազդեցության Հայաստանի վրա։
 
ԱՄՆ փաստաթղթում մի քանի անգամ կրկնվել է, որ «Հայաստանն ամրապնդել է իր հավատարմությունը ժողովրդավարական ուղուն, որը հարգում է օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, թեև ավելի շատ առաջընթաց է պահանջվում»: Բարեբախտաբար, Պետքարտուղարությունն ընդունել է, որ «ավելի շատ առաջընթաց է պահանջվում»: Փաստաթղթի մեկ այլ մասում Միացյալ Նահանգները ճշմարտորեն ընդունել է՝ «Հայաստանի կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել սոցիալական և մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները բարելավելու համար, սակայն առաջընթացը միանշանակ չէ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ որդեգրելով ժողովրդավարական կառավարման իդեալները։ Ցավոք, նա շեղվել է ժողովրդավարության սկզբունքներից՝ հաստատելով միանձնյա բռնապետական  իշխանություն, կայացնելով կառավարական բոլոր որոշումները Նախարարների կաբինետի, խորհրդարանի, 
նախագահի և դատարանների անունից: Քանի որ Փաշինյանը վանել է հայերի մեծամասնությանը, նրա ժողովրդականությունը երկրի ներսում չափազանց տուժել է՝ 2018-ի ամենաբարձր՝ 80 տոկոսից իջնելով մինչև մոտ 30 տոկոսի ցածր մակարդակը: Անտեսելով մարդու իրավունքների խախտումները և ժողովրդավարության անկումը Հայաստանում՝ Միացյալ Նահանգները պարզապես հիասթափեցնում է Հայաստանի և Սփյուռքի հայերին, մասնավորապես՝ ամերիկահայերին,որոնք կասկածի տակ են դնում ժողովրդավարության հանդեպ ԱՄՆ-ի հավատարմությունը, որն արտահայտվում է միայն խոսքով, բայց ոչ գործով։
 
Երբ ԱՄՆ կառավարությունը և Երևանում նրա դեսպանատունը լռում են Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, դա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները, հակառակ իր հայտարարությունների, լուրջ չի վերաբերվում ժողովրդավարության բարելավմանը երկրում։ Նմանապես, երբ Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և սպանում է հայերին, մինչ Միացյալ Նահանգները կոչ է անում երկու կողմերին նվազեցնել լարվածությունը, Միացյալ Նահանգները կորցնում է իր վստահությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայերի աչքում:
 
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական