Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին


Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

  • 31-08-2022 10:50:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել   Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. 
 
«Մեծարգո պարոն վարչապետ,
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մեր բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
 
Գոհունակությամբ պետք է նշել, որ մեր ժողովուրդների միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր լիցք են ստացել հատկապես վերջին տարիներին: Դրա լավագույն վկայությունն է օրեցօր աճող և զարգացող փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում: Ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, արդյունավետ գործում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը, սերտ համագործակցություն է ձևավորվել կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում։
 
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի, հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ։
 
Հուսով եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մենք նորանոր հաջողություններ կգրանցենք՝ ի բարօրություն մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:
 
Ձերդ գերազանցություն,
 
Հայաստանում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհակարգում, քանի որ խաղաղասեր և ժողովրդավարական Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում:
 
Հայաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է օժանդակել բարեկամ Հնդկաստանին տարբեր միջազգային հարթակներում: 
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play