«Վերջերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարը, բացի արտակարգ իրավիճակներում համալիր արձագանք ապահովելու անհրաժեշտությունից, առաջ բերեց հանրային առողջության ապահովման համար առանցքային ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը:
Օդի աղտոտվածությունն ընդունված է դիտարկել մթնոլորտային և ներտնային օդի մաքրության տեսանկյունից. այսօրվա հրապարակումը նվիրված է մթնոլորտային օդի աղտոտվածությանը և դրա առողջապահական վտանգներին:
Կլիմայի փոփոխությունը, որին արդեն անդրադարձել ենք, և մթնոլորտային օդի աղտոտվածությունը սերտորեն կապված են միմյանց հետ, քանի որ կլիմայի փոփոխության շարժիչ ուժը հանածո վառելիքի այրումն է, որը նաև օդի աղտոտվածության հիմնական պատճառներից է: Գիտակցելով դա, աշխարհի 193 պետության, այդ թվում նաև Հայաստանի կողմից ընդունված Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների թիվ 13 նպատակը կոչվում է «Գործողություն հանուն կլիմայի» և նախատեսում է անհապաղ գործողությունների ձեռնարկում՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ, իսկ «Ամուր առողջություն և բարեկեցություն» կոչվող նպատակ 3-ի թիրախներից է՝ մինչև 2030թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան վերջին տվյալների՝ օդի աղտոտվածության խնդիրը բնորոշ է գործնականում աշխարհի բոլոր պետություններին, թեև առավել արդիական է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների համար, որոնց շարքում է նաև Հայաստանը: Այսպես, միջազգային տվյալները վկայում են, որ մեր մոլորակի 10 մարդուց 9-ը շնչում են աղտոտված օդ, և այն տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, ընդորում, վաղաժամ մահերի 91%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:
Օդում առկա փոշուց, հողից, մրից, ծխից և հեղուկի աննշան կաթիլներից բաղկացած միկրոսկոպիկ մասնիկները կարող են թափանցել թոքեր, անգամ արյուն՝ առաջացնելով արյան շրջանառության և շնչառական համակարգի հիվանդություններ:
Գնահատված է, որ մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով մեր երկրում յուրաքանչյուր տարի մահանում է շուրջ 51 մարդ՝ 100.000 բնակչի հաշվով, որը Հարավային Կովկասի պետությունների շրջանում նվազագույն ցուցանիշն է (Վրաստան՝ շուրջ 66, Ադրբեջան՝ շուրջ 56 մահ 100.000 բնակչի հաշվով), սակայն անգամներ բարձր է Արևմտյան Եվրոպայի երկրների ցուցանիշներից, օրինակ՝ Դանիայում մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով գնահատված մահերի թիվը կազմում է շուրջ 14՝ 100.000 բնակչի հաշվով, Ավստրիայում՝ շուրջ 15, իսկ Բելգիայում՝ շուրջ 16:
Մթնոլորտային օդի աղտոտվածության դեմ արդյունավետ պայքարը հանդիսանում է կառավարությունների և հասարակությունների համատեղ պատասխանատվությունը:
Հաճախ պարզագույն գործողություններով և վարքագծով մենք կարող են էական ներդրում ունենալ մեր և ապագա սերունդների համար առողջ միջավայր ստեղծելու գործում:
Օրինակ, երթևեկության ծանրաբեռնված ժամերին ավտոմեքենա չվարելը, հնարավորության դեպքում աշխատանքի ոտքով հաճախելը, աղբի տեսակավորումը, աղբի այրելուց հրաժարվելը, էլեկտրական էներգիան խնայողաբար օգտագործելը շրջակա միջավայրի մասին հոգատար և խնամքով վերաբերմունքի լավ դրսևորումներ են:»