Ադրբեջանցիները «Տելեգրամ»-ում ստեղծել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների sticker-ներ. Թաթոյան
19-09-2022 20:19:05 | Հայաստան | Իրավունք
«Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ։
Ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին, բայց մենք այն հայտնաբերել ենք սեպտեմբերի 18-ին։ Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ։
Մենք արձանագրել ենք 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում: Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները Տելեգրամի իր հաշվին: Մեզ աջակցող մասնագետի ջանքերով՝ այդ հնարավորությունը Տելեգրամը փակել է, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն ադրբեջանական հարթակներն օգտագործելու են հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով:
Sticker-ներում օգտագործվել են վայրագությունների լուսանկարներ, որոնք տեղի են ունեցել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմ, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ:
Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ ադրբեջանական օգտատերերը, որոնք ներբեռնել են այդ լուսանկարները, մեծ ցնծությամբ են ընդունել հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգումների, մարմինների մասնատումների լուսանկարները՝ դրանք առօրյա հաղորդակցության, տարբեր քննարկումների ժամանակ օգտագործելու հնարավորության համար:
Այս հանցավոր արարքը ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը խորն արմատավորվել է ադրբեջանական հասարակությունում և ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրության կոչերն ուղղակի շղարշ են միջազգային հանրության աչքերի համար, որով թաքցնում են իրենց իրական մտադրությունները։