Ինչ է անում ՀԱՊԿ-ը գրավյալ տարածքում. Հայերը Տիկին Փելոսիին Lragir.am


Ինչ է անում ՀԱՊԿ-ը գրավյալ տարածքում. Հայերը Տիկին Փելոսիին Lragir.am

  • 22-09-2022 10:00:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Հայաստանի վրա աստղի պես ծագած խոսնակ Նենսի Փելոսին փայլուն կատարեց իր առաքելությունը: Երեւանյան այցը եւ Վաշինգտոնում արված հայտարարությունները հավաստում են Ամերիկայի ժողովրդի ուղերձի բովանդակությունը. «հայեր, ձեր շուրջը աշխարհ կա, դուք աշխարհում կարեւոր դիրք ունեք եւ միայնակ չեք՝ մնացածը ձեր գործն է»: Բնականաբար նման դիմումը կատարյալ շփոթություն առաջացրեց թե լայն հանրային, թե փորձագիտական շրջանակներում, քանի որ տրամագծորեն հակադիր էր հայրենի իշխանությունների 30 տարիների ուղերձներին: Թեր եւ դեմ կոնսենսուսների կիզակետում ամենայն իրավունքով հայտնվեց ՀԱՊԿ հարցը: Պարզենք պատճառները
 
 
Իրականում ՀԱՊԿ-ից հեռանալ-չհեռանալը վճռորոշ հարց է Հայաստանի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար հավասարապես: Ուշադրություն դարձնենք, որ առաջինը շփոթմունքից սթափվեց Հայաստանում ռուսական շահերը սպասարկող կոհորտը: Ընդ որում, ի պաշտպանություն ՀԱՊԿ-ի հանդես եկան մինչ այդ երդվյալ անկախականներ, մոլի ռուսատյացներ եւ ի ծնե արեւմտամետ ներկայացող անձիք: Դիմակահանդեսի այսպիսի շրջադարձը կոչվում է «վերջին օրվա ասպետների ինքնաբացահայտում»: Թշնամին ինչու՞ էր ստիպված «հանձնելու» իր դրածոներին: Միթե ՀԱՊԿ-ին անհապաղ հրաժեշտ տալը խոչընդոտելը այդ լավ քողարկված կոհորտի բացահայտում արժե: Եւ, արդյո՞ք Հայաստանում ռուսական ներկայության վերջին օրերն են մոտենում:
 
Տարածված հարց է, թե ինչ է լինելու ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո: Իրոք, ի՞նչ: «Հետոն» լավ պատկերացնելու համար արժե տեսնել, թե ինչ է լինում հավանական դուրս գալուց «առաջ», այսինքն այս օրերին:
 
 
ՀԱՊԿ–ը գրավյալ տարածքում
 
ՀԱՊԿ-ի հովանին օրինականացնում է ռուսական ստորաբաժանումների տեղաբաշխումը սուվերեն ՀՀ սահմանի մի շարք հատվածներում: Այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի հռչակած «անվտանգության նոր ճարտարապետության» շրջանակներում: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ օրինականացնում էր: Հյատնի է, որ այդ ստորաբաժանումները հայկական Զինուժի վակուում էին առաջացնում մի շարք պաշտպանական ուղղությունների վրա: Բաքվի հետ համաձայնեցված ետքաշումից հետո ռուսները բաշիբոզուկների համար լայն հնարավորություն ստեղծեցին թեւանցիկ եւ թիկունքից հարվածներով ճմլել շուրջ 60 հայկական դիրք: Դրանց թվին են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ: Դիրքերի հիմնական մասը թշնամու ձեռքին է մնացել՝ մարտավարական լավ հիմք ստեղծելով երկրի խորք ռազմավարական առաջխաղացման համար:
 
 
ՀԱՊԿ առաքելության հովանու ներքո գտնվող ռուսական ստորաբաժանումները հայերին թույլ չեն տալիս ոչնչացնել կամ գերել շրջափակման մեջ հայտնված ապշերոնյան հրոսակներին: Ըստ պաղեստինյան աղբյուրների, այսպիսի մարտավարությունը ռուս քաղաքական ղեկավարությունը լայնորեն կիրառել է նաեւ Սիրիայում, անվանապես բարեկամ եւ դաշնակից Բաշար ալ-Ասադի դեմ: Պատմական առումով դրությունը նույնական է 1916 թվականի Վանի հերոսամարտին, երբ ռուսները պատսպարում էին թուրքերին հայկական գումարտակներից, այնուհետեւ, կտրուկ նահանջի դիմելով, շտապ զինաթափված հայ մարտիկներին եւ բազմահազար բնակչությանը նետում կոտորածի երախը: Լեհերի պնդումով, նույն նենգ մարտավարությունն էր կիրառվել նաեւ 1944-ին Վարշավայի ապստամբության ժամանակ ռուս բոլշեւիկների կողմից:
 
ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն կարգելու դեպքում Բաքվի հրոսակները հնարավորություն կստանան ռուսների թիկունկում ամրանալ գրավյալ դիրքերում եւ հավելյալ զորք կենտրոնացնել: Թուրքերին պատսպարելու եւ Հայաստանը անպաշտպան թողնելու եղանակով երկիրը մասնատելու հարցում, ինչպես տեսնում ենք, «անպետք», «անգործունյա», «զուտ ձեւական» ՀԱՊԿ-ը ռուսների ձեռքին անփոխարինելի գործիք է: Ահա ռուսանպաստ կոհորտի ճարահատյալ դիմակազերծման մեկ պատճառ:
 
ՀԱՊԿ. Զինաթափել Հայաստանը
 
ՀԱՊԿ-ին անդամակցելը արգելափակում է արեւմտյան զենքի եւ զինամթերքի մատակարարումը Հայաստանին: Այն պարագային, երբ Բաքուն բոլորովին անկաշկանդ է զենք ստանալու հարցում: Այս օրերին թուրքական Բայրաղտարները եւ, հատկապես, իսրայելյան Հարոպ աթս-ները երամ-երամ թռչում են դեպի Բաքվի «Նասոսնի» ռազմական օդակայան: Դա հայերին պարտության մատնելու հիմական զենքն է: Ի դեպ, ռուսները՝ ցանկության բացակայությունից եւ Բաքվի առջեւ պարտավորություններից զատ, Հայաստանին տալու բան էլ չունեն: Ընկած աշխարհով մեկ սրանից-նրանից արկ ու ական են մուրում:
 
Հայաստանը չի կարող աթս-ներին դիմակայող արեւմտյան ՀՕՊ համակարգեր գնել: Եղած ռուսական հակաօդային միջոցները հեշտությամբ խոցվում են նույն Բայրաղտարների միջոցով, որոնք ուղղորդվում են Ակնայի ռուս-թուրքական համատեղ հետախուզական եւ հեռակառավարման կենտրոնից: ՀՀ սահմանամերձ տարածքը հետախուզում են ոչ միայն Բայրաղտարները, այլ եւ ռուսական Օրլան տեսակի աթս-ները: Գործում է 2020 թվականի նոյեմբեր 9-ի հայտարարությունը խախտող միակ կողմի կանխավարկածը, դա հայկական կողմն է: Չնայած հայտարարությունը եռակողմ է, հայկական հետախուզական միջոցները բացակայում են Ակնայի կենտրոնում:
 
Դիմելով ՀԱՊԿ, ՀՀ ղեկավարությունը ռուսներին օրինական հիմք տրամադրեց մարտերի վայրերում ուսումնասիրել Բաքվի կիրառած մարտավարական սխեմաների եւ զինատեսակների էֆեկտիվությունը: Համադրելով այդ հետախուզական տվյալները Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի հավաքած տեղեկությունների հետ, հնարավոր է հասնել հայերի հանդեպ պատերազմական գործողությունների չափազանց մեծ էֆեկտիվության:
 
Չմոռանանք, որ Հայաստանի դեմ Արցախում 2020 թվականի պատերազմը ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի բնութագրմամբ «թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիա էր»: Ավելի անկեղծ ասել հնարավոր չէ: Այսպիսով ՀԱՊԿ-ը թույլ է տվել եւ դեռ տալու է միանգամայն օրինական հիմքով հետախուզել ՀՀ Զինուժի մարտական պատրաստականությունը, զորամասերի եւ պաշտպանական տեխնիկական միջոցների խմբավորման սխեմաները, դրանց տեղաբաշխումը եւ, էլեկտրոնային միջոցների կիռարմամբ՝ խոցելիության առավել նպաստավոր ուղղությունները: Եւ այս ամենը կոչվում է «անպիտանի» ՀԱՊԿ: Անպիտանի է Հայաստանի համար, իսկ ռուսների համար ֆանտաստիկ պիտանի է: Ահա եւ դրա շուրջ իրարանցման երկրորդ պատճառը:
 
ՀԱՊԿ եւ միջազգային կառույցներ
 
Ֆրանսիայի աջակցությամբ ՄԱԿ ԱԽ առջեւ բարձրացրած ագրեսիայի հարցը ՌԴ կողմից փակուղի ուղարկվեց պարզ փաստարկով: Բախումները լոկալ են, տեղի են ունենում իբր վիճելի տարածքների վրա, բացի այդ ենթակա են լուծման Հայաստանի անդամակցած ՀԱՊԿ բազմազգ կազմակերպության մասնակցությամբ: Հայաստանը ինքն է դիմել ՀԱՊԿ, թույլ տվեք ավարտին հասցնել մեր խաղաղարար ջանքերը: Նախագահ Պուտին. «Տարածքային վեճը լուծվելու է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի միջոցով Ռուսաստանի հովանու ներքո»: Որտե՞ղ եք ապօրինի հարձակում տեսնում՝ վեճ է, կպատահի:
 
Այսպիսով ՀԱՊԿ արգելափակում է ոչ միայն Հայաստանին զենքի մատակարարման դիվերսիֆիկացիան, այլ եւ հուսալի պատնեշ դնում միջազգային կառույցների խաղաղարար որեւէ նախաձեռնության առջեւ: Ինչպես տեսնում ենք, ՄԱԿ-ում գործը նույնիսկ քվեարկության չհասավ, չնայած Հնդկաստանի կողմից ագրեսորի մատնանշման, իսկ Չինաստանի՝ Արցախյան խնդրի լուծման անհրաժեշտության մասին պնդումին: Ահա ռուսանպաստ կոհորտի աննախադեպ ակտիվության եւս մեկ պատճառ: ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը թշնամուն օդի պես անհրաժեշտ է իբրեւ հայկական պետականության ինքնասպանության անվրեպ միջոց:
 
Սրանք Հայաստանի վրա ՀԱՊԿ-ին անդամակցելուց առաջացած ազդեցության ոլորտներն են: Թե ինչ ազդեցություն է ունենալու ՀԱՊԿ-ից Հայաստանի հրաժարվելը միջազգային դրության վրա, մանրամասն կարելի է կարդալ Լրագրում: Երկու ազդեցությունները համեմատելը բնավ դժվար չէ: Առաջին դեպքում Հայաստանը բոլոր կողմերից հարվածի թիրախ է, իսկ երկրորդում՝ ակտոր, գործոն: Ճիշտ Տիկին Փելոսիի ուղերձին համաձայն:
 
Այսու, ասել թե ինչ է լինելու ՀԱՊԿ-ից Հայաստանի «հեռանալուց հետո» ստույգ հնարավոր չէ: Բայց ստույգ հնարավոր է ասել, թե ինչ է լինելու «մինչեւ հեռանալը»: Հայաստան չի լինելու: Շրջահայաց գտնվելու, չշտապելու, մի քանի տարի դեռ ամրանալու եւ հզորանալու, «անվտանգային» նոր միջավայրի համակերպվելու կոչող խոժոռադեմ այրերը Հայաստանի չգոյության նպատակն են հետապնդում:
 
ՀԱՊԿ-ից հրաժարվելու խնդիրը օրերի հրատապություն ունի: Իրանը պայթյունի շեմին է, Ռուսաաստանը պայթյունի շեմին է, Թուրքիան պայթյունի շեմին է, Եվրոպան տագնապած է, ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը սուր է: Պետք չէ, որ այս հայտնի հակասությունները լուծվեն ավանդական եղանակով՝ հայերի շահերի հաշվին: Խոսքը հայերինն է. Հայկական պետությունը պետք է Միջին Արեւելքում ուրույն, կայունացնող դեր ստանձնի: ՀԱՊԿ-ը այդ հեռանկարի ճանապարհին ընկած ծառ է:
 
Lragir.am
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն