2022թ. սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ խոսեց ընդամենն Արցախում ապրող հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման մասին:
Անիրավացիորեն և անարդարացիորեն Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, որ՝
•ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, հիման վրա:
•Արցախի հայությունը իրացրել է միջազգային իրավական ակտերով սահմանված ինքնորոշման իր իրավունքը և այն պետք է ստանա միջազգային ճանաչում:
•Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքները և պետք է ազատի դրանք:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակամարտությունը կարելի է համարել կարգավորված, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին: Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող հայության համար: