Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանից ներողություն է պահանջում


Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանից ներողություն է պահանջում

  • 27-09-2022 14:52:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ճապոնիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին և նրան բողոք հայտնել՝ Վլադիվոստոկում Ճապոնիայի հյուպատոս Մոտոկի Տացունորիին բերման ենթարկելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին:
 
Բացի այդ, Ճապոնիան իրավիճակի պատճառով պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ներողություն խնդրել։
 
«Ռուսական կողմի գործողությունները Վիեննայի կոնվենցիայի խախտում են, և դա բացարձակապես անընդունելի է»,-ասել է Հայաշին: Նրա խոսքով՝ Տացունորին չի կատարել գործողություններ, որոնք խախտել են օրենքը։ Միաժամանակ ռուսական կողմը դիվանագետին բերման ենթարկելու ժամանակ «հարկադրանքի միջոցներ է կիրառել», հավելել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը։
 
Հայաշին նշել է, որ հյուպատոսն արդեն ազատ է արձակվել։ Վերջինս կլքի Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 28-ը։
 
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ բերման է ենթարկել Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսին, երբ նա գաղտնի տեղեկատվություն է ստացել վարձավճարով։ Խոսքը վերաբերում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից մեկի հետ Ռուսաստանի համագործակցության ներկա իրավիճակի, Պրիմորիեի երկրամասի տնտեսական իրավիճակի վրա Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության ազդեցության մասին տեղեկություններ ստանալուն։
 
Դրանից հետո Տացունորին հայտարարվել է պերսոնա նոն գրատա, իսկ Ճապոնիան բողոքել է։ Նշվել է, որ հյուպատոսը կարտաքսվի Ռուսաստանից։ Ավելի ուշ Տացունորին իրեն մեղավոր է ճանաչել: ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում հյուպատոսը դրականորեն պատասխանում է այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ խախտել է ռուսական օրենքը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը