Դրական լուծում է ստացել Հայաստանի Մարդու իրավունքների<br /> պաշտպանի գրասենյակ հղված 429 բողոք<br />


Դրական լուծում է ստացել Հայաստանի Մարդու իրավունքների
պաշտպանի գրասենյակ հղված 429 բողոք

  • 10-03-2009 19:45:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմել է 5 800 քաղաքացի: 429 բողոքների դրական լուծում է տրվել,-այս մասին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` մարտի 10-ին ներկայացնելով մարդու իրավունքների վիճակի մասին 2008թ.-ի իր զեկույցը: Մարդու իրավունքների խախտումների թվում Պաշտպանը նշեց հավաքների ազատության իրավունքի խախտումները. ըստ նրա, 90-ից ավելի դեպքերում ընդդիմությանը չի թույլատրվել զանգվածային միջոցառում անցկացնել: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ ընդդիմության միջոցառումները խաղաղ ու հանգիստ են անցել, եւ պարզ չէ, թե ինչ տեղեկատվության հիման վրա իշխանությունները չեն թույլատրել դրանց անցկացումը: Խոսքի ազատության եւ լրագրողների անվտանգության խնդիրների թվում Պաշտպանը հիշատակեց, մասնավորապես, ոստիկանի կողմից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին հարվածելու եւ գետնին գցելու փաստը, որն առայսօր իշխանության կողմից արձագանք չի գտել: Նա հիշատակեց նաեւ ընդդիմադիր «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Կարինե Հարությունյանին «Գլաձոր» համալսարանից աշխատանքից ազատ արձակելու դեպքը: «Պարզվեց, որ ինչ-որ մի փուլից նա չի համապատասխանում դասախոսի կոչմանը»,- նկատեց Արմեն Հարությունյանը: Պաշտպանը հիշատակեց օրենքի ոչ տարբերակված մոտեցման երկու` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եւ «Բջնի» հանքային ջրերի գործարանի, դեպքերը: Նա ընդգծեց, որ Պաշտպանի գրասենյակը քննության առարկա չի դարձրել այն հարցը, թե նշված ընկերությունները օրենքի հետ խնդիրներ ունե՞ն, թե` ոչ: Պաշտպանը որպես մտահոգիչ բնորոշեց քրեակատարողական հիմնարկներում առկա «շատ մեծ» վախի մթնոլորտը, ինչի պատճառով մարդիկ չեն խոստովանում խոշտանգումների փաստը: Նա հիշատակեց նաեւ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման դեպքերից մեկը: Ա.Հարությունյանի գնահատմամբ, շատ լուրջ է սեփականության իրավունքի պաշտպանության խնդրի հետ կապված իրավիճակը. Պաշտպանի գրասենյակը ստացել է խնդրին առնչվող 100-ից ավելի բողոքներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են անշարժ գույքի կադաստրային արժեքից ցածր գնահատվելու իրողությանը: Պաշտպանն ընդգծեց, որ 7 տարվա ընթացքում որեւէ քաղաքացի Հայաստանում նշված իրավունքի պաշտպանության հետ կապված որեւէ դատ չի շահել` այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները, դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեծամասամբ շահում են դատերը: Ա.Հարությունյանը նշեց, որ Մարդու իրավունքների գրասենյակը շատ բողոքներ է ստացել աշխատանքից ազատելու հարցի առնչությամբ. ըստ նրա, ազատումները օրենքի տառի տեսակետից հիմնավորված են, սակայն դրանց քանակը բավականին մեծ է:
Նոյյան տապան  -   Իրավունք