Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներից ստացել է կաշառք


Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներից ստացել է կաշառք

  • 03-11-2022 11:21:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը պահանջել և ստացել է շուրջ 220 հազար դրամ կաշառք:
 
Այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված քրեական վարույթով նախաքննության ընթացքում:
 
2022 թվականի նոյեմբերի մեկին հսկող դատախազի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և ենթադրաբար կաշառք ստացած պաշտոնատար անձի, ինչպես նաև նրան կաշառք տվողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 
 
Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող հիշյալ մեղադրյալներին ձերբակալելու մասին:
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ՀՀ գլխավոր դատախազություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն