«Արդար Հայաստան» կուսակցությունը Բյուրեղավանում կհրաժարվի ավագանու մանդատներից


«Արդար Հայաստան» կուսակցությունը Բյուրեղավանում կհրաժարվի ավագանու մանդատներից

  • 11-11-2022 20:35:27   | Կոտայքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ «Արդար Հայաստան» կուսակցության անդամ եւ ավագանու մանդատ ստացած անձանցից մեկը, շեղվելով կուսակցության նախապես կայացրած համընդհանուր որոշումից, գործել է թիմին հակառակ եւ քվեարկել գործող համայնքապետի օգտին:
 
Բանն այն է, որ նիստի նախորդող գիշերը «Արդար Հայաստան»-ը քննարկել էր և որոշել չմասնակցել ավագանու անդրանիկ նիստին, ինչը ուներ քվորումը տապալելու նպատակ: Նկատենք՝ օրակարգում ներառված են եղել «Համայնքի ղեկավար ընտրելու» եւ «Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական մասին» հարցերը:
 
Բյուրեղավանում կայացած ընտրություններում մասնակցած «Միասնություն» դաշինքը («Բարգավաճ Հայաստան» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններ) գործող համայնքային իշխանությունն է: Այս դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է շուրջ 14 տարի պաշտոնավարմամբ համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանը:
 
Ընտրություններում «Միասնություն» դաշինքը ստացել էր ավագանու 7 ձայն, «Արդար Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ունեին հավասարապես ավագանու 4 անդամ, իսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն անցողիկ շեմը չէր հաղթահարել:
 
Երեկ ուշ երեկոյան «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը նույնպես զայրացած ուղիղ եթերի միջոցով հայտնել է կատարվածի մասին՝ մանրամասնելով, որ, ըստ իրենց հաշվարկների, նիստին չմասնակցելու եւ քվորում չլինելու պատճառով ավագանու նիստը չէր կայանալու, ապա, համապատասխան ընթացակարգերի համաձայն, համայնքի ղեկավար չէր ընտրվելու, ըստ այդմ՝ լինելու էին արտահերթ ընտրություններ:
 
Նորիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու հրաժարվել իրենց մանդատներից:
 
«Ես պարզապես մարդկային վարքագիծն ու մեր երկրում տեղի ունեցող երեւույթներն եմ վերլուծել՝ անգամ հարկ չհամարելով բարձրաձայնել մեր նախկին թիմակցի անունը: Երիցս համոզվեցի, որ մեր ժողովրդի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ պարտություններ, ողբերգություններ, ձախողումներ ու անհաջողություններ տեղի են ունեցել շարքային դավաճանության ու դավաճանների պատճառով»,- եզրափակեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play