Սիրիայում Անկարան խաղում է Մոսկվա-Վաշինգտոն լարվածության թելերի վրա


Սիրիայում Անկարան խաղում է Մոսկվա-Վաշինգտոն լարվածության թելերի վրա

  • 23-11-2022 16:24:29   | Սիրիա  |  Մեկնաբանություն

 
Հյուսիսիային Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի իրականացրած  «Սրի Ճանկ» Գործողությունը շարունակություն ունենալո՞ւ է։ 
Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ 
 
 
Թուրքական բանակը շաբաթ գիշեր հայտարարել էր, որ 20 օդային հարված հասցրել է Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հարձակմանը մասնակցել են 50 ռմբաձիգներ եւ 20 անօդաչու սարքեր: 
 
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենց օդային գործողությունը իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինքնապաշտպանության նպատակով: «Հաշվեհարդարի ժամը եկել է», ասված էր նախարարության հաղորդագրությունում։ Սրա շարունակությունն այն էր, որ Էրդողանը հայտարարեց, որ շուտով հնարավոր է նոր ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայում։ 
 
Կարծում եմ, որ  «սրի ճանկ»ը պատասխան է Իստամբուլի պայթյունին։ Անկարան անմիջաես հայտարարեց, որ պայթյունը իրականցրել են քրդերը եւ մեղադրեց ԱՄՆ-ին «ահաբեկիչներ»ին սատարելու մեջ։ 
 
Այս գործողություն լայնածավալ բնույթ չի ունենալու։ Կլինեն նման հարձակումներ,բայց պատերազմական այն լայնամասշտաբությունը, որը Անկարան ծրագրել է չի իրականանա։ Դա ոչ միայն կզսպվի ԱՄՆ-ի այլ նաև Մոսկվայի կողմից։ 
 
Էրդողանի հայտարարությունում դարձյալ սլաք կար ուղղված ԱՄՆ-ին, իբրև «ահաբեկիչներին» սատարող։ Սիրիական տարածքներում հակաքրդական գործողություններ իրականացնելու կոնտեկստում ռուսական համաձայնությունը ստանալու համար Անկարան շեշտում է քրդական գործողությունները ԱՄՆ-ի կողմից հովանավորված լինելու հանգամանքը խաղալով Վաշինգտոն-Մոսկվա լարվածության թելերի վրա։ 
 
Այս գործողություններին առընթեր արձանագրենք, որ ընթանում են հետախուզական մակարդակով  Անկարա-Դամասկոս միջգերատեսչական հանդիպումներ, բանակցություններ։  Դա ենթադրում է Մոսկվայի միջնորդական գործոնի առկայությունը։ Այս պայմաններում Դամասկոսը անպայմայն իր քայլերը կհամաձայնեցնի Մոսկվայի հետ․գուցե այս հանգրվանին կիրականացնի Մոսկվայի պատվերը։Գործընթացը պիտի դիտարկել Մոսկվա- Անկարա ռազմավարական համագործակցության շրջածիրում։ 
 
Աւելի լայնածավալ գործողության իրականացում՝ չի բխիր Մոսկվայի շահերից սակայն։ Համագործակցությունը շատ լարված ու զգուշավոր է ընթանում։ Համագործակցության նույն լարվածությունը սկսվել է նկատվել հարավային Կոկվասում ևս։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն