Էրդողան․ «Թուրքիան հաստատակամ է իր հարավային սահմանների անվտանգության ապահովման հարցում»


Էրդողան․ «Թուրքիան հաստատակամ է իր հարավային սահմանների անվտանգության ապահովման հարցում»

  • 29-11-2022 15:14:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Թուրքիայի նպատակը իր հարավային սահմանի երկայնքով անվտանգության գոտու ստեղծումն է», - երկուշաբթի ուշ երեկոյան, Անկարայում կայացած կառավարության նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
«Ամեն մի նոր միջադեպից հետո Թուրքիայի սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու մեր հաստատակամությունը աճում է։ Այն ուժերը, որոնք իրենց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով գալիս են այս տարածաշրջան, տարբերակում չեն դնում ահաբեկիչների և անմեղների միջև, ավերածությունների պատճառ են դառնում, պետք է հարգեն Թուրքիայի զգայուն մոտեցումն այս խնդրին», - հայտարարում էր Էրդողանը։
 
Ակնկալվում էր, որ երեկ երեկոյան կայացած կառավարության նիստի ժամանակ թուրքական իշխանությունները կհրապարակեն Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն սկսելու պաշտոնական որոշումը։ Reuters գործակալության տեղեկություններով, սակայն, առայժմ նման հայտարարություն չի հնչեցվել։
 
Քաթարում գործող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հյուսիսային շրջանները վերահսկող «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրամանատարությունից պահանջել են հետ քաշել զորքերը Քոբանի, Մանբիջ և Թել-Ռիֆաթ քաղաքներից։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ թուրքական իշխանությունները քաղաքներից քրդական ուժերի հեռանալու վերջնաժամկետ են սահմանել։ «Ալ Ջազիրայի» պնդմամբ՝ Անկարան նաև համաձայնել է, որ քրդական ուժերի դուրսբերման դեպքում այս քաղաքներում իշխանությունն անցնի Դամասկոսի կողմից նշանակված կառավարման մարմիններին։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play