Անասունները տեղում մորթել, վաճառել են․ սպանդանոցների կեղծ փաստաթղթերի փաստով 10-ից ավելի քրեական վարույթ է նախաձեռնվել
30-11-2022 19:47:02 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ բնագավառում օրինախախտումները շարունակվում են:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։
Տնտեսավարողներն էլ, բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով, գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:
Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ: