Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը


Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

  • 08-12-2022 15:53:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվայում այսօր կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանի, Իգոր Կրասնովի և Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
 
Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության՝ Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:
 
Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն, ասել է Հայաստանի գլխավոր դատախազն՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
 
«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», - ըստ հաղորդագրության՝ շեշտել է Հայաստանի գլխավոր դատախազը։
 
Անդրադառնալով նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Վարդապետյանը նշել է՝ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները և ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ:
 
Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 38 գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
 
Ըստ Բաքվի հաղորդագրության՝ հանդիպմանը Ադրբեջանի գլխավոր դատախազն, անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և 2021-ի նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարություններին, մասնավորապես, ընդգծել է․ - «Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է այդ փաստաթղթերի բոլոր կետերը»։
 
Ալիևն «անթույլատրելի» է համարել «անօրինական այցերի կազմակերպումն ու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը Ղարաբաղի շրջանում»։
 
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ նա կարևորել է «համատեղ գործունեության շարունակումը՝ ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ»։
 
Երեք երկրների գլխավոր դատախազներն առաջին անգամ հանդիպել են 2021-ին Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից մեկ օր անց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման համաձայնությունների հենքով շարունակել համագործակցությունը։ Իգոր Կրասնովը հայտարարեց, որ գխավոր դատախազների եռակողմ հանդիպումը նշանակալից բնույթ է ստանում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, ներառյալ ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու մասին երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների լույսի ներքո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play